
Մեծ Բրիտանիան պատրաստվում է ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին
Բրիտանական իշխանություններն առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու պարագայում դրան անդամակցելը, ինչպես նաև դրա միջոցառումներին մասնակցելը, կորպուսի խորհրդանիշների կրումն ու դրա գործունեությանն աջակցությունը Միացյալ Թագավորությունում կդառնան քրեորեն պատժելի հանցագործություն։ Պարբերականը նշում է, որ այս որոշմանն աջակցում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը և նրա տեղակալ Թոմ Թուգենդհատը, որը նախաձեռնության հիմնական հեղինակն է։
2000 թվականին համապատասխան օրենսդրության ընդունումից հետո Մեծ Բրիտանիայում ահաբեկչական է ճանաչվել, ընդհանուր առմամբ, 78 կազմակերպություն։ Նոյեմբերի 16-ին բրիտանական հակահետախուզության՝ MI5-ի ղեկավար Քեն Մաքքալումը պնդում էր, որ Իրանի իշխանությունները ձեռնարկել են առնվազն 10 փորձ գողանալու կամ սպանելու Թեհրանի՝ Մեծ Բրիտանիայում ապրող քննադատներին։
Դեկտեմբերին Եվրոպական միությունը պատժամիջոցներ էր սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ՝ «անմեղ մարդկանց մահապատժի և բռնությունների պատճառով»։ Մինչ այդ ԵՄ իշխանությունները հայտարարել էին, որ դիտարկում են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում իրանական էլիտար ստորաբաժանման ներառման հնարավորությունը։ ԱՄՆ-ը դեռ 2019 թվականին էր այն ներառել համապատասխան ցանկում։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել