
ԱՄՆ-ն հանձնառու է մնում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելուն. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը տարեսկզբի իր առաջին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Հարավային Կովկասում առկա իրավիճակին՝ նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության, բարգավաճման և խաղաղ ապագայի խթանմանը։
«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- հայտարարել է Նեդ Փրայսը։
Փրայսը հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում և Նյու Յորքում համատեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ «Մենք մի հանդիպում ունեցել ենք նախորդ տարվա վերջին այստեղ Վաշինգտոնի Բլեյր հաուսում։ Մի հանդիպում էլ եղել է սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ մղելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն մտադիր է արդյոք ներկայում ակտիվացնել իր ջանքերը, երբ Ռուսաստանի և Բրյուսելի միջնորդական ջանքերը ոչնչի չեն հանգեցրել, Փրայսը ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար:
«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - եզրափակել է Նեդ Փրայսը:
Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել