
Պետական մարմինների հետ աշխատող օտարերկրացիներին հնարավորություն կտրվի առնչվել պետական և ծառայողական գաղտնիքին
Պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա աշխատակիցները հնարավորություն կունենան առնչվել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման: Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 5-ի նիստում։
ԱԱԾ-ն առաջարկում է այս հնարավորությունը տալ բացառիկ դեպքերում՝ պայմանավորված կատարվող աշխատանքների առանձնահատկություններով, դրանց արդյունավետության և անընդհատության ապահովմամբ։
Գաղտնի տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ կլինի Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը, ինչպես նաև՝ պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։
ԱԱԾ-ն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է այնպիսի իրավիճակներով, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա աշխատակիցները պետք է առնչվեն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում Կառավարության 1997 թ.-ի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետևաբար այդ կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին հնարավոր չի լինում տրամադրել պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք:
Մեկնաբանել