HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Առարկայական քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է». Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացրած այդ գործողությունը միջանցքը ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին Կառավարության հունվարի 5-ի նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։

Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Միջազգային հնարությունը սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է եռակողմ հայտարարությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2022թ.-ի դեկտեմբերի 30-ի իր որոշմամբ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։

Ըստ նրա՝ խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի՝ որքան անհրաժեշտ է։

«Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանում առկա իրավիճակին՝  պիտի կրկին վերահաստատեմ ՀՀ հավատարմությունը 2020թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև` 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն է'լ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը և այս ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter