HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ կունենա Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղար Բլինքենը պարբերաբար զրուցում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր առաջնորդների հետ։ Ես ակնկալում եմ, որ նա հնարավորություն կունենա առաջիկա օրերին կրկին հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության մասին՝ Նեդ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին օգնում է բանակցել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, իսկ Հարավային Կովկասում այդ երկիրը ցանկանում է տեսնել անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագա։ «Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- եզրափակել է Փրայսը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի գլխավոր թեման կարող է լինել Լաչինի միջանցքը։ Արդեն մի քանի շաբաթ է՝ հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով Արցախն ու նրա բնակչությանը։

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հայտարարում են, թե բանակցություններ են վարում երկու կողմերի հետ՝ միջանցքի շուտափույթ բացման շուրջ, սակայն ապարդյուն։ Ավելին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ռուսական կողմը ճանապարհի բացման վերաբերյալ որևէ բանակցություն չի վարում։ 

Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացել է վառելիքի, դեղորայքի և սննդի ճգնաժամ։ Ադրբեջանցիները խաթարում են ապրանքների անխափան տեղափոխումը Հայաստանից Արցախ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter