
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Զապորոժյեի մարզում մոտ 80 սպանված և վիրավոր ռուսաստանցի զինվորականների մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հունվարի 3-ի գիշերը Զապորոժյեի մարզի Տոկմակ քաղաքին հասցված հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել է 80 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած տեղեկագրում։
«Հաստատվել է հունվարի 3-ին Զապորոժյեի մարզի Տոկմակ բնակավայրի շրջանում կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման վայրի խոցումը։ Հակառակորդի կորուստները կազմել են մոտ 80 զոհ և վիրավոր»,- ասված է ուկրաինական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հունվարի 3-ին Զապորոժյեի մարզի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Տոկմակի հիվանդանոցին։ Նույն օրը հիվանդանոցի աշխատակիցներից մեկը TACC գործակալությանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով «պացիենտներից և անձնակազմից որևէ մեկը չի տուժել»։
Փոխարենը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են պացիենտներ և բժշկական գումարտակի հրամանատար Ալեքսանդր Սեիկաևը։ Զոհերի թվի մասին ռուսական պաշտպանական գերատեսչությունը որևէ տվյալ չի փոխանցել։
Լուսանկարը՝ ТАСС գործակալության
Մեկնաբանել