HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աննա Փիլոսյան. «Դատավորը հոգեբանություն է, և այն որևէ մեկն ինձնից չի կարող խլել»

2022թ. դեկտեմբերի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։ «Հետքը» զրուցել է Աննա Փիլոսյանի հետ:

Օրեր առաջ խիստ զբաղված էիք, այսօր արդեն գործազուրկի կարգավիճակում եք: Ձեզ մոտ հոգեվիճակի փոփոխություն եղե՞լ է:

Քաջ գիտակցում եմ և արդեն ընդունել եմ այն, ինչ տեղի է ունեցել, բայց հոգեվիճակի փոփոխության մասին դեռ վաղ է խոսելը: Ասել, որ ծանր հոգեվիճակում եմ՝մեղմ ասած, այդպես չէ: Ժամանակ պետք է հոսի՝ տեղի ունեցածը մարսելու և հետևություններ անելու համար:

Դուք պատրա՞ստ էիք մի օր դատավոր չլինելուն:

Իհարկե, պատրաստ էի: ԲԴԽ-ում իմ եզրափակիչ ելույթում էլ եմ ասել: Այն տպավորություն գործելու համար չէր, ոչ էլ՝ գեղեցիկ նախադասությամբ հանդես գալու: Ես դատավոր չեմ ծնվել և գիտակցում եմ, որ դատավոր չեմ մահանալու: Առավել ևս, որպես դատավոր թոշակի չեմ գնալու: Միշտ պատրաստ եմ եղել այսպիսի հանգուցալուծման:

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ իրավաբան, հետո արդեն՝ դատավոր:

Իրավաբանի ընտրությունը չեմ կարող ասել, որ խիստ գիտակցված ընտրություն է եղել, առավել ևս, որ իմ ընտանիքում իրավաբաններ չեն եղել: Որոշ չափով երևի նախախնամություն էր, որովհետև 16 տարեկանում գիտակցված ընտրության մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ: Բայց շատ ուրախ եմ, որ այդ որոշումը 16 տարեկանում, թեև ենթագիտակցորեն, կայացրել եմ:

Դատավոր դառնալը ևս հստակ, գիտակցված որոշումով չի եղել:  Ես իմ աշխատանքային գործունեությունը որպես իրավաբան, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ դատարանում՝ գործավար, այնուհետև՝ օգնական: Ընտրությունը դեպի դատավոր՝ ինձ կհասկանան դատարանում աշխատող օգնականները կամ անձնակազմը: Դա եղել է ընտրություն և ճանապարհ, ոչ թե պաշտոն, կարգավիճակ, գուցե բարձր վարձատրություն, այլ՝ որպես երազանք: 20 տարեկան մի աղջիկ, ինչ տեսել է համալսարանից հետո, ձևավորվել է հստակ երազանք այդ աշխատանքի նկատմամբ:

Մինչև դատավոր դառնալն ինչպիսի՞ն էր դատավորի կերպարը Ձեզ համար և ինչպիսի՞ն էր այդ  կերպարը դատավոր աշխատելիս:

Թե մինչև դատավոր, թե դատավոր աշխատելու ընթացքում, վստահ եմ՝ նաև պաշտոնավարման դադարեցումից հետո այդ կերպարն անփոփոխ է լինելու: Դատավորի կերպարն ազնիվ, արդար մարդու կերպար է, անձնական ցանկություններից, մոտեցումներից վեր կանգնելու ունակ մարդու կերպար է: Ես այդ կերպարով գնացել եմ դեպի դատավոր, գուցե մեծամտություն կընկալվի, բայց այդ կերպարով աշխատել եմ որպես դատավոր: Հույս ունեմ, որ դատավորի կերպարն այդպիսին կընկալվի նաև ապագայում:

Իսկ իրականու՞մ:

Կարող եմ պատասխանել իմ աչքերով իրականությունը տեսածով ու գնահատելով: Ես դատավորին այդպես եմ ընկալում, այդպես եմ տեսնում:

Հիմա ավելի ազատ եք, չէ՞, նախկինում նույնիսկ հարցազրույց չէիք կարող տալ:

Դատավոր աշխատելը հսկայական պատասխանատվություն է, հսկայական սահմանափակումներ են կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած ամենակենցաղային իրավիճակներից, խանութում քեզ դրսևորելուց: Երրորդ աչքի առկայությունը դատավորն անընդհատ զգում է: Իհարկե, հիմա շատ ավելի ազատ եմ:

Դատավորը ոչ պատմուճանն է, ոչ էլ՝ կնիքը: Դատավորը հոգեբանություն է, և այն որևէ մեկն ինձնից չի կարող վերցնել, ընդհուպ՝ խլել: Այդ հոգեբանությունը շատ արմատացած է իմ մեջ: Նույնիսկ սուպերմարկետում հաց գնելիս դու դատավոր ես՝ քո վարքագծով, զսպվածությամբ,  մարդկանց հետ շփումներում, ընտանիքում, խնջույքների ժամանակ, դատարանում, դատարանից դուրս:

Ասել, որ ես ունեմ այն ազատությունը, որ այդ հոգեբանությամբ ինձ այլևս չի կաշկանդում, իհարկե՝ ոչ: Բայց դա հոգեբանություն է, որ ձևավորվում է տարիների ընթացքում և պետք է այնքան կամքի ուժ ունենաս, որ այդ ծանրությունը ամեն օր, ամեն վայրկյան, ցանկացած միջավայրում կրես ու պատվով կրես:

Իսկ ո՞ր կարգավիճակում եք ձեզ ավելի լավ զգում:

Դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ես պատվաբեր էի համարում դատավոր լինելը: Չնայած բոլոր սահմանափակումներին՝ ես պատվաբեր էի համարում այդ սահմանափակումները կրելը:

Իսկ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ նորից դատավոր դառնաք:

Նախ պիտի ընդունել դատավոր չլինելու փաստը և առաջ գնալ: Վերադառնալու և նորից դատավոր դառնալու ուղղությամբ դատողություններ անել դեռ հնարավոր չէ:

Ձեր առօրյայում ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել:

Դեռ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, իներցիայով դեռ շարունակում եմ դատավորի առօրյայով ապրել: Դեռ, որովհետև փոփոխություն չի եղել և հուսով եմ՝ այդ փոփոխությունները չեն ուշանա:

Օրինակ՝ տանը Ձեզ ինչպե՞ս եք դրսևորում, որը նախկինում հնարավոր չէր անել:

Միակ փոփոխությունը, որը զգում եմ, շաբաթ օրերին տագնապով երեխաներին արթնացնելու, նախաճաշ տալու, ինչ-որ մի տեղ տեղավորելու ու աշխատավայր շտապելու բացակայությունն է, ինչը շատ հաճելի է:

Իսկ երեխաներն ուրա՞խ են, որ ընտանիք եք «վերադարձել»:

Իրենք էլ դեռ չեն զգացել, բայց վստահ եմ՝ շատ ուրախ կլինեն: Այդ աշխատանքն ինձնից տանում էր ամբողջ ժամանակը, որը տեսանելի ու շոշափելի չէ, ամբողջությամբ զբաղեցնում էր իմ միտքը: Առաջնայինը աշխատանքն էր ու աշխատանքի շուրջ պտտվող խնդիրները, հետո ածանցվում էին մնացած խնդիրները, այդ թվում՝ընտանեկան: Շատ լավ է, որ առաջնահերթությունները փոխվում են:

Ի՞նչ զգացիք, երբ արթնանալուց հետու առաջին անգամ դատարան չպետք է գնայիք:

Թեթևություն եմ զգացել:

Ինչո՞վ եք զբաղվելու:

Իմ մասնագիտությամբ եմ զբաղվելու: Չեմ շտապում որոշում կայացնել, թե որ ուղղությամբ, որ դիրքից հանդես կգամ, բայց այդ մասնագիտությունը միակն է, որը ես ունեմ և կարծես թե միակն է, որ ինձ մոտ լավ է ստացվում: Հետևաբար, ես իմ մասնագիտությանն անդավաճան եմ մնալու:

Ձեր առաջ խնդիր դրե՞լ եք ինչ-որ բան ապացուցելու:

Ոչ դատական, ոչ արտադատական գործունեության ընթացքում երբևէ խնդիր չեմ դրել որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել: Խնդիրը միշտ եղել է ինքս ինձ ապացուցելը, որ այն մարտահրավերը, որ ծառացել է, պիտի հաղթահարեմ, անցնեմ առաջ: Այս պահին էլ, որ միակ մարտահրավերն ունեմ ոչ դատավորի դիրքերից, իմ մասնագիտական ճանապարհը կառուցելն է, և այդ տեսանկյունից միակ մարդը, որին ապացուցելու բան ունեմ, ես եմ:

Քաղաքացիները դատավորների մոտ գնում են արդարություն փնտրելու, դուք Բարձրագույն դատական խորհրդում, որը հանդես է գալիս որպես դատարան, գտա՞ք այդ արդարությունը։

8 տարի արդարադատություն իրականացնելու հնարավորություն եմ ունեցել, խիղճս հանգիստ է այդ տեսանկյունից: Բայց վստահ եմ, որ բոլորը չէ, որ իմ դատական նիստերի դահլիճից հեռացել են արդարության զգացումով՝ իմ կայացրած որոշումներով պայմանավորված: Ինձ համար կայացրածս որոշումը եղել է միակն ու արդարը, վստահ չեմ, որ դիմացինս այդպես է ընկալել:

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի որոշմանը, ասեմ, որ արդար չեմ համարում լիազորությունները դադարեցնելու տեսանկյունից: Այս որոշումը, մեծ հաշվով, ամփոփումն ու գնահատումն է դատական իմ գործունեության և առնվազն իմ դիտանկյունից այդպիսի գնահատականն արդար չէր:

Ձեր դեպքում, կարծես թե, գործել է «Բումերանգի օրենքը», երբ դատավորի կարգավիճակով կանգնել եք դատարանի առջև: Պատկերացրե՞լ եք այն քաղաքացիների վիճակը, ովքեր անարդարության են հանդիպել և Ձեր դատական նիստերի ժամանակ և այլ դատարաններում։

Խոսքս միգուցե մեծամիտ է, բայց այդպես է. ԲԴԽ գնացել եմ որպես դատավոր և նիստերի դահլիճից դուրս եմ եկել որպես դատավոր: Ես բեմահարթակին նստած չէի, որը սովորաբար իմ տեղն էր, այլ «մեղադրյալի» աթոռին էի նստած: Իմ ներքին զգացողությունների տեսանկյունից իմ կարգավիճակը չէր փոխվել: Հետևաբար, ցավոք, չեմ կարող ասել, որ հասկանում եմ այն մարդկանց զգացողությունները, որ գալիս էին իմ դատական նիստերին: Ես ԲԴԽ-ի որոշումը և այն ծնող պատճառները կբաժանեմ երկու մասի. զուտ իրավական հատվածը համարում եմ դեռ չավարտված, ինձ հասու ատյաններում ես այն բողոքարկելու եմ։ Ինչ վերաբերում է իրավունքի հետ կապ չունեցող պատճառներին, ապա, նախ՝ վստահ եմ, որ դրանք գոյություն են ունեցել։ Այնուհանդերձ, որոշման այդ հատվածին հրապարակային գնահատական ինքս չեմ տալու. թող այդ մասին խոսեն չեզոք անձինք։

Սովորաբար, փոքր երկրներում դժվար է չեզոքություն պահպանելը՝ հաշվի առնելով ազգականների, ընկերների գործոնը: Ձեզ հաջողվե՞լ է:

Եղել են դեպքեր, որ երկընտրանքի առջև եմ կանգնել, բայց չեն եղել դեպքեր, որ վարանել եմ: Դրանից հետո ընկերներիս շրջանակը պահպանվել է, որովհետև պիտի հասկանանք, թե ինչ ենք հասկանում ընկեր ասելով: Բոլորը գիտեն՝ եթե որոշումը կայացվել է, ուրեմն դա միակն է ու արդարը: Շատ պաթոսով է հնչում, այդպիսի պատասխան բոլորն են տալիս, բայց իմ որոշումները իմ ընտանիքի, ընկերների, միջավայրի համար ամբողջությամբ ընդունելի և ընկալելի են եղել: 

Կա՞ մի գործ կամ Ձեր կողմից կայացված դատական ակտ, որը հանգիստ չի տալիս:

Միանշանակ՝ ոչ: Կատեգորիկ «ոչ»-ը բնավ չի ենթադրում, որ իմ գործունեությունը եղել է անսխալ և փայլուն: Ունեցել եմ իմ սխալները, որ ինձ հասցրել են ԲԴԽ, ունեցել եմ բեկանված դատական ակտեր, որոնց մեջ ինձ համար գտել եմ բեկանման պատճառը: Բայց միակ բանը, որ ինձ կատեգորիկ «ոչ»-ի իրավունք է վերապահում, առավել քան հանգիստ խղճով կարող եմ պնդել, որ յուրաքանչյուր որոշում, որի տակ դրվել է իմ ստորագրությունը, եղել է միակ ճիշտը:

Հիշու՞մ եք դատավորի պաշտոնում Ձեր առաջին դատական նիստը:

2015թ. հունիսին հայցի ապահովման վերացման միջնորդության քննարկում էր: Նիստերի դահլիճ մտել եմ դողացող ձայնով և դողացող սրտով, չեմ թաքցնի: Նիստը շատ երկար է տևել, թեև հարցի քննությունն ինքնին պետք է երկար չտևեր: Այժմ էլ այդ նիստը հիշում եմ մեծ սիրով և դողացող սրտով: Կես տարի է պահանջվել, որ այլևս այդ դողացող ձայնը չլինի:

Իսկ ի՞նչ զգացողություն ունեիք, երբ առաջին անգամ բեկանվեց ձեր կայացրած դատական ակտը:

Գուցե մեծամտությամբ հնչի այդ հարցի պատասխանը, բայց յուրաքանչյուր դատական ակտի համար ինձնից տվել եմ առավելագույնը, հետևաբար բեկանումներն էլ ոչ սուր եմ ընդունել, ոչ էլ սխալի զգացողություն եմ ունեցել:

Ձեր լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ-ի որոշման լուրն ինչպե՞ս ստացաք և ինչ տեղի ունեցավ՝ չարացա՞ք, ընդվզեցի՞ք, թե՞…

Լուրը ստացել եմ ԲԴԽ-ի ուղիղ եթերից, երբ հրապարակվեց որոշման եզրափակիչ մասը: Դահլիճում չեմ եղել: Չեմ կարողանում մտաբերել կամ համապատասխան տերմիններն ընտրել զգացածս արտահայտելու համար: Տագնապային ու կործանարար լուր չէր ինձ համար, քանի որ սպասելի և կանխատեսելի էր, որոշ չափով ես դրան պատրաստ էի:

Ու՞մ դեմ կամ ինչի՞ դեմ չարանայի: Չարացած չեմ ոչ որոշման, ոչ էլ որոշում կայացնողների դեմ: Միգուցե դա նախկին դատավորի գործունեության արդյունքն է: Չեմ կարծում, որ որևէ դատավոր պիտի և կարող է չարանալ այս կամ այն երևույթի կամ անձի դեմ: Պայքարի կամ ընդվզման էլեմենտներ կան՝ հաշվի առնելով, որ այդ որոշման հետ կապված իրավական ճանապարհ ունեմ անցնելու:

Դատավորի աշխատանքը փոխե՞լ է Ձեր բնավորությունը։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել ընտանեկան, ընկերական հարաբերությունների վրա:

Ընտանիքը տուժում է աշխատանքի արդյունքում: Էներգիադ է սպառվում, էմոցիաները կուտակվում են և մի դաշտ պետք է լինի, որ պարպվի: Առավել ևս դատավորների դեպքում, որ նրանք պետք է ցուցաբերեն զսպվածություն: Այդ ընթացքում տուժել է ընտանիքս՝ երեխաներս, ամուսինս, ծնողներս: Ժամանակի սղության պատճառով նույնիսկ տատիկիս չեմ կարողացել պատշաճ հրաժեշտ տալ:

Դատավորի բնավորությունը, այո, փոխվում է: Որոշում կայացնողի տրամաբանությունն է, որ անընդհատ քեզ հետ է, ինչն անխուսափելի է: Իմ աշխատանքի գնահատականն եմ համարում, որ այս ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստանում դպրոցական, ուսանողական ընկերներից, դատական իշխանության հետ կապ չունեցող ընկերներից:  Շատ կարևոր է, որ ասում են՝ հեռանում ես այնպես, ինչպես եկել ես դատական իշխանություն:

Դատավորի պաշտոնում որոնք են եղել ամենամեծ բացթողումները, և ինչ դերակատարում է ունեցել ընտանիքը:

Բոլոր ծնողներն ինձ կհասկանան՝ մանկահասակ երեխաների բերկրանքը վայելելը, մանկապարտեզից տուն բերելը: 1-2 անգամ է ստացվել, որ ես նրանց մանկապարտեզից տուն բերեմ:  Նրանց ուրախությունը, էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին: Շատ եմ ափսոսում, որ բաց եմ թողել:  Ընդհանրապես, երեխաներիս հետ կապված հսկայական բաց է մնացել. ոչ ես եմ վերցրել որպես մայր, ոչ էլ ես եմ նրանց տվել որպես մայր:

Մարդիկ, ոչ միայն երեխաները, նորմա են համարում այն իրականությունը, ինչը ստեղծվում է իրենց շուրջը: Հիմա մեծ ցավով եմ հիշում: Իմ երեխաներն առաջին իսկ օրվանից մանկապարտեզ հաճախել են պապիկի, տատիկի ուղեկցությամբ և վերադարձել են նրանց ուղեկցությամբ: Նրանց համար նորման դա է եղել:

Երեխաներս շատ մեծ չեն՝ 8 և 10 տարեկան և նոր-նոր պետք է գիտակցեն իմ բացակայության «ծավալը»: Երեխաներիս դժգոհությունը մեծապես կապված է դպրոցական միջոցառումներին իմ բացակայությամբ: Ասում են՝ բոլորի մայրիկները կային, դու չկայիր:  Փոքր են, շատ լուրջ մեղադրանքներ չեն ներկայացնում:

Ինձ հաջողվել է դատավորի պաշտոնում պաշտոնավարել՝ շնորհիվ իմ ընտանիքի: Ես գրեթե միշտ բացակայել եմ ընտանեկան միջոցառումներից, ուշացած, կարճ ժամանակով եմ գնացել ընկերական  հավաքներին: Իմ ամուսինը որևէ պահանջ չի ներկայացրել: Կար ժամանակ, որ քաղաքացիական գործեր քննող դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն էին իրականացնում, և չի ասել՝ ինչու ես գիշերը ժամը 2-ին 7 ամսական երեխային թողնում ու գնում դատարան: Կամ չի ասել, թե ինչու են քո շաբաթ օրերը գերհագեցած: Նաև իմ ու ամուսնուս ծնողների  շնորհիվ է, որ 8 տարի կարողացել եմ աշխատել:

Եթե օժտված լինեիք իշխանական լիազորություններով և հնարավորություն ունենայիք իրականացնել փոփոխություններ, ինչը կփոխեիք դատական համակարգում:

Պետք է մշակել կարճաժամկետ բարեփոխումներ, որոնք արդիական են և հրատապ, և երկարաժամկետ բարեփոխումներ, որոնք կանխորոշելու են վաղվա դատական իշխանության  պատկերը:

Կարճաժամկետ՝ առաջնահերթ պետք է լուծվի դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը, որը ոչ միայն քանակական, այլև մեծապես որակական խնդիր է:  Այդ քանակը բերում է որակի անկման: Դրանք անխուսափելիորեն փոխկապակցված են և ազդում են արդարադատության որակի վրա ընդհանրապես:

5000 գործի պարագայում հնարավոր չէ խոսել որակյալ և ստեղծագործ արդարադատության մասին: Շատերը շեշտը դնում են դատարաններում կոռուպցիայի վերացման վրա և որպես տեսլական այդ կոռուպցիայի վերացման շուրջ են պտտվում բարեփոխումները: Բացարձակ չեմ արդարացնում կոռուպցիան, չեմ էլ պատրաստվում հերքել և ասել, որ կոռուպցիա դատական իշխանությունում և մեր երկրում ընդհանրապես գոյություն չունի: Բայց պետք է հասկանանք, որ երկարաժամկետ բարեփոխումների տեսանկյունից դա ամենաառաջնահերթը չէ, որի ուղղությամբ պետք է աշխատել:

Պիտի աշխատել արդարադատությունն իրականացնող սուբյեկտների մարդկային և մասնագիտական որակների վրա, որովհետև դատավորի կարգավիճակը, պատմուճանին վայել մարդու ընտրության պարագայում կոռուպցիայի հարցն ինքնին կարելի է համարել լուծված: Շատ մեծ շեշտ կդնեի դատավորների մասնագիտական վերապատրաստման վրա, որը կարծես թե չի քննարկվում, չի դիտարկվում: Արդարադատության որակը թելադրում են մասնագիտական ունակությունները և հմտությունները՝ լուծելով նաև այն տեխնիկական խնդիրները, որոնք ծառացած են:

Այսօր պաշտոնավարող յուրաքանչյուր դատավոր կանգնած է բարդ ընտրության առջև՝ ամեն ինչ անել ժամանակին, որը պակաս կարևոր չէ, թե շեշտը դնել որակի վրա: Որակը ենթադրում է նյութի ուսումնասիրություն, ինքնակրթություն: Բոլոր դատավորները, ովքեր շեշտը դնում են երկրորդի վրա, տուժում են ժամկետային տեսանկյունից, այնպես, ինչպես ես տուժեցի և հանգուցալուծումը եղավ լիազորությունների դադարեցումը: Բայց դատավորին մեղադրել, որ երկու շահերի միջև ընտրություն կատարելիս մեկը սրա վրա է շեշտը դնում, մյուսը նրա՝ չի կարելի:  Ի՞նչ պիտի անի դատավորը, եթե ունի ծանր ընտրություն:

Ստեղծված իրավիճակը բնավ դատավորների մեղքով չէ: Այո, ինչ-որ բանի վրա պետք է աչք փակել: Ստեղծված իրադրությունում երկուսը միաժամանակ հնարավոր չէ անել: Իրադրությունն է թելադրում ընտրել երկուսից մեկը՝ ժամկետի մեջ տեղավորվել, թե որակապես ինքնակատարելագործվել:

Լուսանկարներն՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter