Երևանում նշվել է բնապահպանի օրը
ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված բնապահպանի օրվան:
1972թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ կառավարության կողմից 2004թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
Միջոցառմանը մասնակցում են մի շարք միջազգային և բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դպրոցականներ, բնապահպանության նախարարության աշխատակիցներ:
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից բնապահպանի օրը նշում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների, հեծանվարշավների, ծառատունկների, կավճանկարչության և այլ բնապահպանական միջոցառումների ձևով:
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանի օրը այս տարի նշում է բնության թանգարանում, որտեղ հանրությանը կներկայացվի նախարարության պաշտոնական կայքը: Անհրաժեշտություն էր առաջացել արդիականացնել նախարարության կայքը՝ առավել թափանցիկ դարձնելով բնապահպանության նախարարության գործունեությունը, իրազեկ դարձնել հանրությանը՝ տրամադրելով մատչելի տեղեկատվություն, ներգրավելով հասարակությանը որոշումներ ընդունելու գործընթացին:
Այդ նպատակով ստեղծվել է ինտերակտիվ կապի հնարավորություն, մասնավորապես՝ թեժ գիծ, հետևեք Ձեր նամակին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարում, մասնավորապես հնարավորություն է ստեղծվել թույլտվությունների նախագծերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով և ստանալ համապատասխան փաստաթուղթը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ նախագահ Կ.Դանիելյանը կներկայացնի «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը, ինչպես նաև թանգարանի բակում Երևանի մի խումբ դպրոցականներ կներկայացնեն «բնությունն իրենց աչքերով» կավճանկարչություն:
Միջոցառման ժամանակ խրախուսվելու են ոլորտում ակնառու ներդրում ունեցող անձինք, իսկ կավճանկարչության բոլոր մասնակից դպրոցականները կստանան նվերներ, նրանցից երեք լավագույն նկարների հեղինակները կստանան նաև նախարարության պատվոգրեր:
Բնապահպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ՝ կարևորելով այնպիսի խնդիրների լուծումը ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության պահպանությունը, օզոնային շերտի պահպանությունը, հողերի կայուն կառավարումը, թափոնների վերամշակումը և անապատացման դեմ պայքարը:
Բնապահպանի օրը պետք է փոխի յուրաքանչյուրիս վերաբերմունքը հայրենի բնության նկատմամբ: Բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը խրախուսում և պատրաստակամ է աջակցելու, ինչպես նաև մասնակից դառնալու միջազգային և տեղական բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են հայրենի բնության պահպանությանը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել