HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

15-րդ փորձից հանրապետական Քևին Մաքքարթին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին Մաքքարթին ընտրությունների 15-րդ փորձից հետո միայն կարողացել է ընտրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ստացել է 216 ձայն, իսկ իր հիմնական մրցակից դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը՝ 212։

Ամերիկյան հեռուստաընկերություններն ուղիղ եթերով հեռարձակում էին Պալատի նիստը։ Նախորդ փուլի ժամանակ Մաքքարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դա բավարար չէր հաղթանակի համար։ Վերջին փուլի ժամանակ վեց կոնգրեսականներ չեն քվեարկել որևէ թեկնածուի օգտին և դա ապահովել է Մաքքարթիի հաղթանակը։ «Կալիֆոռնիա նահանգից Քևին Մաքքարթին ստացել է ձայների մեծամասնությունը և այդպիսով ընտրվել Ներկայացուցիչների պալատի խոսնակ»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի քլարք Շերիլ Ջոնսոնը։ Հանրապետականները ծափահարություններով ողջունել են 57-ամյա Մաքքարթիի ընտրությունը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը՝ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարն է։ Փոխնախագահից հետո նա երրորդ դերակատարն է ամերիկյան քաղաքականության մեջ։ Խոսնակը, նրա տեղակալները և հանձնաժողովների նախագահները որոշում են, թե ինչ օրենսդրական նախագծեր պետք է դիտարկվեն և քվեարկվեն։ Նրանք որոշում են նիստերի օրակարգն ու սահմանում բանավեճերի կարգավորման պայմանները։

Սպասվում էր, որ Մաքքարթին այդ պաշտոնն կզբաղեցներ դեռ հունվարի 3-ին, սակայն դա տեղի ունեցավ միայն քվեարկության 15 փորձից հետո, որովհետև արմատական հանրապետականների խումբը հրաժարվում էր քվեարկել իր կուսակցի օգտին։ Ընտրության ընթացքում նրանցից ոմանք, հիմնվելով Մաքքարթիի հետ կնքված համաձայնությունից, փոխեցին իրենց տեսակետը։

CNN-ը հայտնել էր, որ հանրապետականների մի մասը վերանայել է իր դիրքորոշումը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։

Վերջին անգամ իրավիճակ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ չէր հաջողվել ընտրել առաջին փուլում, առաջացել էր 100 տարի առաջ։ 1923 թվականին խոսնակ ընտրելու համար պահանջվել էր քվեարկության 9 փուլ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին ընտրության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել աշխատել հանրապետականների հետ հնարավորության դեպքում։

Ներկայացուցիչների պալատի նախորդ խոսնակը դեմոկրատ Նենսի Փելոսին էր։ 2022 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ հեռանում է այդ պաշտոնից։ Այդ ժամանակ ակնկալվում էր, որ հանրապետականները միջանկյալ ընտրություններից հետո կվերադարձնեն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ հսկողությունը, ինչն էլ արդյունքում տեղի ունեցավ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter