HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է ռեկորդային՝ 3 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային հատկացրել է ընդհանուր 3 միլիարդ 75 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։

Associated Press գործակալության տվյալներով՝ դա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացված ամենախոշոր ռազմական օգնությունն է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների որոշումը, ամերիկյան պաշտպանական օգնության նոր փաթեթը ևս անվանել է ռեկորդային։

Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ «սկզբունքորեն նոր սպառազինության համար», որոնք ներառում են նաև Bradley հետևակի մարտական մեքենաներ և զենիթային հրթիռներ։ «Դա իրոք կուժեղացնի մարտի դաշտում ուկրաինական բանակին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։ 

Պենտագոնը հրապարակել է սպառազինության ցանկը, որը կներառվի Ուկրաինային ամերիկյան նոր ռազմական օգնության մեջ։ Այսպես, ամերիկյան կողմն Ուկրաինային կփոխանցի՝ 

  • Bradley տեսակի 50 ՀՄՄ՝ TOW տեսակի 500 հակատանկային հրթիռներով և 25 մմ տրամաչափով 250 հազար արկով, 
  • M113 տեսակի 100 զրահափոխադրիչ, 
  • MRAP տեսակի 55 թեթև զրահամեքենա, 
  • HMMWV տեսակի 138 ամենագնաց, 18 ինքնագնաց հաուբից և սպառազինության տեղափոխման 18 մեքենա, 
  • 155 մմ տրամաչափով 70 000 հրետանային արկ, 
  • 155 մմ տրամաչափով 500 հատ Excalibur գերճշգրիտ հրետանային արկ,
  • 155 մմ տրամաչափի հեռակառավարվող հակատանկային ականային համակարգի (RAAM) 1200 արկ,
  • 36 քարշակային հաուբից և 105 մմ տրամաչափի 95 000 հրետանային արկ,
  • 120 մմ տրամաչափի 10 000 ականանետային արկ,
  • HIMARS տեսակի հրթիռահրետանային համակարգերի լրացուցիչ սպառազինություն,
  • RIM-7 Sea Sparrow տեսակի զենիթային հրթիռներ,
  • Zuni տեսակի 4000 ավիացիոն հրթիռ,
  • մոտ 2000 հակատանկային հրթիռ,
  • դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և նռնականետերի ու հրազենի փամփուշտներ,
  • Claymore տեսակի հակահետևակային սպառազինություն,
  • գիշերային տեսանելիության սարքեր և օպտիկա,
  • պահեստամասեր և դաշտային այլ սարքավորումներ։

Պենտագոնում նշել են, որ Ջո Բայդենի վարչակազմը 2021 թվականի օգոստոսից սկսած 29-րդ անգամ սպառազինությունը վերցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պահուստներից, որպեսզի փոխանցի Ուկրաինային։ Ընդհանուր առմամբ, Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 24,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Լուսանկարը՝ Sergei Supinsky / AFP via Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter