HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պնդմամբ՝ Ռուսաստանը խախտել է Պուտինի կողմից հայտարարված սուրբծննդյան հրադադարը

ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Լորա Քուփերը հայտարարել է, որ Ուկրաինայում շարունակվել են մարտական գործողությունները, չնայած ժամանակավոր հրադադարի ռեժիմի, որի մասին հայտարարել էին Ռուսաստանի իշխանությունները։ ՌԴ ՊՆ-ն հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ մարտական գործողությունների ողջ երկայնքով պահպանվում է հրադադարը ու հավելել, որ «պատասխան կրակով» ճնշվել են Ուկրաինայի ԶՈւ բոլոր դիրքերը, որտեղից իրականացվում էր գնդակոծությունը։

«Ինչ վերաբերում է հրադադարի մասին հայտարարությանը, ես կարող եմ ասել, որ այսօր Ուկրաինայում ընթանում են մարտեր, չնայած տեխնիկապես մենք գտնվում ենք հրադադարի պատուհանում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Լորա Քուփերը խնդրել է հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունն ընդունել մի փոքր թերահավատությամբ: «Դա այն նույն մարդն է, որն ասել էր, որ չի ներխուժի Ուկրաինա»,- նշել է նա։

Այն մասին, որ ռուսական զորքերը շարունակել են Ուկրաինայում վարել մարտական գործողություններ, չնայած «սուրբծննդյան հայտարարված հրադադարին», հայտնել էր նաև Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ «Ինչպես կրակոցներ կային, այնպես էլ դրանք մնում են՝ որպես մեր դիրքերի հարձակման փորձ»,- հունվարի 6-ի երեկոյան «Радио Донбасс Реалии»-ի եթերում հայտարարել էր Գայդայը։

Ուկրաինայի զինված ուժերի՝ հունվարի 7-ի տեղեկագրում, նշվում է, որ հունվարի 6-ին ռուսական զորքերն իրականացրել են հրթիռային մեկ հարված և 20 անգամ գնդակոծել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարել էր հունվարի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24:00-ն, հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ռուսական կողմը նշել էր, որ ուկրաինական կողմին ևս կոչ է արվում հայտարարել հրադադարի ռեժիմ և հնարավորություն տալ ուղղափառներին տոնել Սուրբ ծննդյան տոնը։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 6-ին ռուսական զորքերն անցել են հրադադարի ռեժիմի։

Լուսանկարը՝ Anna Kudriavtseva/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter