HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կոտայքի մարզպետարանի փոխարեն Ակունքի համայնքապետարանն է վերանորոգում դպրոցները՝ համայնքային բյուջեով

Ակունքի համայնքապետարանը 2019թ․-ից ստանձնել է համայնքի 7 հանրակրթական դպրոցների պահպանությունը։ Ամեն տարի համայնքային բյուջեից գումար է հատկացվում դպրոցներին՝ վերանորոգելու, բարեկարգելու, գույք ձեռք բերելու նպատակով։ Գումարները որպես դրամաշնորհ են տրամադրում դպրոցներին, որովհետև դրանք համայնքային ենթակայության չեն, ուստի համայնքային բյուջեում չեն կարող ծախսեր նախատեսել այդ հիմնարկների պահպանության համար։

Հանրակրթական դպրոցների շենք-շինությունների պահպանության, նորոգման ու շահագործման պատասխանատուն մարզպետներն են։ Այդ պարտավորությունը սահմանված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածով․ «Մարզպետն ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը»։ Այդ գործառույթը համայնքներին փոխանցելու մասին նոր-նոր են սկսել խոսել։ Այն իրականություն կդառնա, երբ «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենք մշակվի, որում ամրագրվի լիազորությունների ապակենտրոնացման գաղափարը, և հանրակրթական դպրոցների շենք-շինությունների պահպանության, նորոգման ու շահագործման պարտավորությունը փոխանցվի համայնքներին։ 

Մեր հարցին՝ ինչո՞ւ է համայնքապետարանը վերանորոգում դպրոցները և ոչ թե մարզպետարանը, Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը պատասխանեց․ «Մարզպետարանը, որքան որ պետք է՝ անում է, բայց եթե անհրաժեշտ է լինում որոշակի աշխատանքներ անել՝ մենք անում ենք»։ Օրինակ է բերում Ակունք գյուղի միջնակարգ դպրոցը, որը 2014-15թթ․-ին է վերանորոգվել պետական բյուջեով։ 

Ակունք բազմաբնակավայր համայնքի ձևավորումից հետո համայնքապետարանը կարիքների գնահատում է իրականացրել և 2018-2022թթ. զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրում նշել է, որ համայնքի գրեթե բոլոր դպրոցները (բացառությամբ՝ Ակունք գյուղի) մասնակի կամ ամբողջական ընթացիկ նորոգման կարիք ունեն։ Անհրաժեշտ է փոխել դռներն ու պատուհանները, սանհանգույցներ կառուցել և այլն։ «Դպրոցները ջեռուցման համակարգ չունեն, ձմռանը շենքերը տաքացնում են գազի վառարաններով։ Համայնքապետարանի միջոցների հաշվին ներքին հարդարման որոշ աշխատանքներ կատարվել են նախորդ տարի, սակայն դպրոցների հիմնանորոգման համար անհրաժեշտ է պետական աջակցություն»,- ասվում է հնգամյա ծրագրում։ 

Ըստ ամենայնի, պետական աջակցություն չստանալով՝ համայնքապետարանը 2019թ․-ից սկսել է ներդրումներ կատարել դպրոցներում։ Այդ տարի «Նոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին համայնքային բյուջեից 2 մլն 250 հազար դրամ դրամաշնորհ է տրամադրել՝ նախամուտքը նորոգելու և ցանկապատը վերանորոգելու նպատակով։

Միայն 2021թ․-ին դպրոցների շենք-շինությունները պահպանելու համար համայնքային բյուջեից 21 մլն 650 հազար դրամ դրամաշնորհ է տրամադրվել։

  • «Ակունք միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացվել է 3 մլն 550 հազար դրամ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ձեռք բերելու նպատակով։
  • «Զառի Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 1 մլն 100 հազար դրամ՝ դռներ ու պատուհաններ ձեռք բերելու նպատակով։ Եվս 5 մլն դրամ՝ դպրոցի մեկ մասնաշենքի 2-րդ հարկը վերանորոգելու նպատակով։ 
  • «Կոտայք գյուղի Ս. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 4 մլն դրամ է հատկացվել` շենքի տանիքը վերանորոգելու նպատակով։ 
  • «Սևաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 2 մլն դրամ է հատկացվել` շենքի առաստաղը վերանորոգելու նպատակով։
  • «Հատիսի Վ․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին որպես կապիտալ դրամաշնորհ տրվել է 1 մլն դրամ` դռներ ու պատուհաններ ձեռք բերելու նպատակով։ 
  • «Կապուտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 2 մլն դրամ է հատկացվել` շենքը վերանորոգելու նպատակով։
  • «Նոր գյուղի միջնակարգ դպրոցին» 3 մլն դրամ է հատկացվել՝ դպրոցում ջեռուցում անցկացնելու նպատակով։

Ակունք համայնքի ավագանին 2022թ․ օգոստոսի 23-ի N 718 որոշումով համայնքի դպրոցներին հատկացրել է ընդհանուր 1 մլն 40 հազար դրամ՝ 2022-2023թթ․ ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների դասասենյակները դիդակտիկ նյութերով և այլ պարագաներով համալրելու նպատակով։

Անշուշտ, Կոտայքի մարզպետարանում տեղյակ են եղել, որ Ակունք համայնքի դպրոցներում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացնում՝ մասնաշենք են վերանորոգում, ջեռուցում են անցկացնում, տանիք են փոխում, հարդարում և այլն։ Եվ պատկերացրեք, մարզպետարանում իբրև թե չեն հետաքրքրվել, թե ինչ միջոցներով են դպրոցներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացվում։

2022թ․-ին մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող հանձնաժողովը հարկադրված էր գնահատական տալ Ակունք համայնքի բյուջեից դպրոցների պահպանության համար հատկացված գումարների վերաբերյալ և ոչինչ չասող մի գրառում է արել։  Համայնքապետարանի աշխատակազմին խորհուրդ է տվել՝ պահպանել «Բյուջետային համակարգի մասին» 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ըստ որի՝ «Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման հնգամյա ծրագրով` տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա»: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի 2021թ․ մայիսի 7-ի 32-2/1600 գրության հիման վրա Ակունք համայնքի ղեկավարը 1 մլն դրամ տվել է Արցախի Հանրապետության Վարազաբուն գյուղի ջրամատակարարման ցանցի վերակառուցման համար։ Հսկողություն իրականացնող հանձնաժողովը դիտողություն է արել, որ նախ՝ գումարը համայնքի  ավագանու որոշումով չի հատկացվել։ Միաժամանակ, համայնքի ղեկավարին հիշեցրել է, որ ավագանին համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունները հաստատելու մասին 2018թ․-ին ընդունած որոշումով այլ համայնքների համար ֆինանսական աջակցություն չի սահմանել: Այսինքն, համայնքի ղեկավարը չթույլատրված ծախս է կատարել, բայց չէ՞ որ այն վերադասի պահանջով է կատարել։

Ակունք բազմաբնակավայր համայնքում միավորված 8 գյուղերը՝ Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ, Սևաբերդ, Կոտայքի մարզի ամենաաղքատ գյուղերն են։ Ենթակառուցվածքներից զուրկ այս գյուղերը 2017թ․-ին մեկ համայնքում միավորելը և միասնական բյուջեով սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն ընձեռելը վիճակը փոքր-ինչ շտկելու հնարավորություն ստեղծեց։ Գյուղերի միավորումից հետո համայնքի հնգամյա զարգացման ծրագրում գրառված մոտ երեք տասնյակ հիմնախնդիրները լուծելու համար համայնքը 2019թ․-ից դիմել է սուբվենցիայի ծրագրերի՝ իրականացնելով մոտ 20 ծրագիր։ Սակայն, դեռ վաղ է գյուղերից յուրաքանչյուրում գրառված առաջնային հիմնախնդիրները լուծված համարել։

Համայնքի կազմում ընդգրկված 8 գյուղերից գործող մանկապարտեզ ունի միայն Ակունքը։ Համայնքի ղեկավարն ասում է, որ 50 երեխայի համար նախատեսված Կապուտանի մանկապարտեզը վերանորոգել են, այս տարի գույք ձեռք կբերեն ու կշահագործեն։ 

Համայնքը չունի մշակույթի տուն, երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ։ Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն ասում է, որ մշակույթի տներից ոչ մեկը բարվոք վիճակում չէ, դրանք նվազագույնը 50-60 տարվա շինություն են։ Շենքերից երկուսը հնարավոր է հիմնանորոգել, սակայն դրանց համար սուբվենցիա չեն տրամադրում, քանի որ շատ մաշված են։ 

Համայնքային իշխանության պարտավորությունը այս դպրոցները հիմնելն ու պահպանելն է, մշակույթի տան գործունեությունն ապահովելը, որը չի արվել։ Մարզպետարանն այս անգամ չի գնահատել այդ ոլորտում Ակունք համայնքի ղեկավարի դրսևորած անգործությունն այն պարզ պատճառով, որ համայնքային բյուջեից հանրակրթական դպրոցներում կատարած ներդրումներով մարզպետարանի դեմքն է փրկել։ Մարզպետարանն էլ վարձահատույց է եղել համայնքի ղեկավարին և խուսափել է խիստ գնահատականներից՝ համայնքային բյուջեից դպրոցներին հատկացված գումարներն անօրինական ծախս չի համարել։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter