HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամտային հարկը նվազում է, սոցվճարը՝ բարձրանում. աշխատողների հարկերի փոփոխությունները 2023-ին  

2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազում է: Միևնույն ժամանակ, բարձրանում է կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարների՝ սոցվճարի դրույքաչափը: Այս ամենը 2019 թվականին ընդունված փոփոխությունների շրջանակներում է: Հարկային դրույքաչափերի այս փոփոխությունների վերջին տարին 2023-ն է:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը կմնան նույնը:    

Եկամտային հարկը դարձել է 20%

2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատող անձինք ամսական վճարելու են իրենց աշխատավարձի 20%-ի չափով: 2022-ի համեմատ այն նվազել է 1 տոկոսային կետով:

Դեռևս 2019 թվականին ընդունված փոփոխությունների համաձայն՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար հասնելու էր 20%-ի:  

Այս փոփոխությունները կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով: 

Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը, ինչը նշանակում է, որ բոլոր գրանցված աշխատողները նույն դրույքաչափով եկամտային հարկ են վճարում։

Պետությունն ու քաղաքացին սկսում են նույն չափով կենսաթոշակ կուտակել քաղաքացու համար

Գրանցված աշխատողներն ամեն ամիս իրենց աշխատավարձից գումար են կուտակում, որը ուղղվում է իրենց կենսաթոշակային հաշվին: Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։

Ապագա կենսաթոշակի համար աշխատավարձից գանձվող գումարները սոցիալական վճար են համարվում: Սոցվճարի դրույքաչափը 2023 թվականից դառնում է 5%, եթե քաղաքացու «կեղտոտ» աշխատավարձը չի գերազանցում ամսական 500 հազար դրամը: Եվս 5% էլ աշխատողի աշխատավարձի չափով պետությունն է ավելացնում քաղաքացու կենսաթոշակային հաշվին:

Այդպիսով, պետության և քաղաքացու մասնակցության չափը հավասարվում է այս տարվանից:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։

Մինչև այս տարի քաղաքացու մասնակցության չափը ավելի փոքր է եղել, մասնավորապես 2022-ին՝ 4.5%: Սակայն, եկամտային հարկի նվազմանը զուգահեռ ավելացել է սոցվճարը: Սա նույնպես դեռևս չորս տարի առաջ ընդունված հարկային փոփոխությունների շրջանակներում է:

Այսպես, մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալ ժամանակագրությունն են ունեցել. 

  • 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%
  • 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%
  • 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:

Եթե աշխատողի աշխատավարձը գերազանցում է ամսական 500 հազար դրամը և մինչև 1 մլն 125 հազար դրամի միջակայքում է, ապա 2023 թվականից սոցվճարը հաշվարկվում է այսպես՝ պետական բյուջեից մասնակցի համար կատարվող ամսական վճարը կազմում է 25 000 դրամ (500 հազար դրամի 5%-ը), իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից:

1 մլն 125 հազար դրամից բարձր աշխատավարձի պարագայում գանձվում է ֆիքսված 87.5 հազար դրամ սոցիալական վճար: 

1 մլն 125 հազար դրամը պատահական ընտրված շեմ չէ: Դա բազային եկամուտի առավելագույն շեմն է՝ նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը: Նվազագույն աշխատավարձը օրենքով 75 000 դրամ է: 

Եթե Կառավարությունը չորոշի նոր հարկային փոփոխություններ սահմանել, ապա եկամտային հարկի և սոցվճարի դրույքաչափերը 2024 թվականից այլևս չեն փոփոխվի, քանի որ 2023-ը փոփոխությունների վերջին տարին է, ինչպես սահմանված է «ՀՀ հարկային օրենսգրքով»:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարը չի փոփոխվում

Բացի եկամտային հարկն ու սոցիալական վճարը, Հայաստանում գրանցված աշխատողները նաև ամեն ամիս դրոշմանիշային վճար են վճարում: Այդ գումարներն ուղղվում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»:

Դրոշմանիշային վճարների սանղդակը մնում է նույնը, ինչպես 2022 թվականին: 

Այսպիսով, ենթադրենք քաղաքացին ստանում է ամսական 300 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձ և կուտակայինի մասնակից է, ապա նրանից կգանձվի 20% եկամտային հարկ, որը կկազմի 60 հազար դրամ, կգանձվի 5% սոցիալական վճար՝ 15 հազար դրամ և 5500 դրամ դրոշմանիշային վճար: Արդյունքում, աշխատող քաղաքացին ամսական կվճարի 80.5 հազար դրամի հարկեր, և նրա մաքուր աշխատավարձը կկազմի 219.5 հազար դրամ:

Շեշտենք, որ այս դրույքաչափերն ու փոփոխությունները վերաբերում են գրանցված աշխատողներին: ԱՁ-ների և ընկերությունների համար գործում են հարկային առանձին համակարգեր: 

Մեկնաբանություններ (3)

Աննա
Ինձ կօգնեք արդյոք ամսական հարկը գրանցված աշխատողի պահվում է աշխատողից,և մաքուր աշխատավարձից
Կարինե
Շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը,ով ստանում է տարիքային կենսաթոշակ, վճարում է նաեվ կենսաթոշակայինի ամսեկան 5000 դրամը, աշխատող թոշակառուի համար կարծում եմ պիտի այդ 5000 դրամները վճարելը կենսաթոշակի տարիքը լրանալուն պես կամ վերացվի, կամ էլ՝ վճարելու դեպքում այն կուտակվի, եվ ինչ որ ժամանակ անց , թեկուզ այլեվս չաշխատելու դեպքում թույլատրվի դրանք թոշակառուն ետ ստանա,,,
Իշխանուհի
Մի քիչ էլ թող միջին աշխատավարձները բարձրացնեն, միայն նվազագույնն են բարձրացնում, արդար չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter