HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մենք դեռ չենք կարող կովեր գնել, մեր անվտանգությունը երաշխավորված չէ». Կութի բնակիչ

2022թ․ դեկտեմբերի վերջին Կառավարությունը փոխհատուցել է 2021-2022թթ․-ին Ադրբեջանի հանրապետության ագրեսիայի հետևանքով հանրապետության երեք մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի  համայնքների բնակիչներին պատճառված վնասը։ 

Վարդենիս համայնքի 17 անասնապահական տնտեսություններին ադրբեջանական ագրեսիաների հետևանքով հասցված վնասները վերականգնելու համար պետական բյուջեից 29 մլն 886 հազար 500 դրամ է հատկացվել։ Կորցրած անասնագլխաքանակի համար փոխհատուցում ստացած 6 տնային տնտեսությունները Վարդենիս համայնքի Կութ գյուղից են, 5-ը՝ Վարդենիսից, 3-ը՝ Սոթքից, 2-ը՝ Կուտականից և 1-ը՝ Մեծ Մասրիկից։

Կութ համայնքի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը 5 կով է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել 2021թ․ հունիսի 5-ին, ցերեկվա ժամերին։ Ադրբեջանական բանակը կրակ է բացել գյուղի արոտավայրում արածող կովերի ուղղությամբ, մի քանիսը սատկել են, մյուսներին քշել են՝ տարել։ Կրակել էին նաև հովվի վրա, բարեբախտաբար փամփուշտը ձիուն էր կպել, իսկ հովվին հաջողվել էր անվնաս դուրս գալ տարածքից։ Արոտավայրում այդ ժամանակ 81 հատ կով է եղել, որը պատկանում էր Կութ գյուղի 5 ընտանիքի։ Ս․ Չիտչյանն ասում է, որ հաջորդ օրը մի կովը փախել է, վերադարձել գյուղ։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքով, գյուղացիներին փոխհատուցումը տրամադրել են՝ պայմանով, որ գումարների առնվազն 80%-ը պետք է ծախսվի բացառապես կորսված անասնագլխաքանակը վերականգնելու ուղղությամբ։

Սիմա Չիտչյանն ասում է, որ մեկ գլուխ կովի համար Կառավարությունը 280 000 դրամ փոխհատուցում է տրամադրել, բայց այդ գնով հիմա կով չես կարող գնել։ Բացի այդ, մի քանի հակ խոտ ունեն ընդամենը, հիմա չեն կարող խոտ գնել։ Գյուղի խոտհարքներն էլ հիմա ադրբեջանական բանակի հսկողության տակ են, չգիտեն, թե խոտը որտեղից պետք է քաղեն։

«Մենք գյուղում ենք բնակվում, բայց դեռ չենք կարող կովեր գնել, մեր անվտանգությունը երաշխավորված չէ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը տեսնողը նորից անասուն կառնի՞, երեք օրով թողեցինք գնացինք, տան դռներն էլ չէինք փակել։ Մենք շատ լավ արոտավայրեր ունենք, այստեղ բարվոք պայմաններ կան անասնապահության համար, բայց վիճակը մինչև չկայունանա՝ չենք կարող որևէ բան նախաձեռնել»,- ասում է Ս․ Չիտչյանը։ 

Սիմա Չիտչյանը և փոխհատուցում ստացած Կութ գյուղի մյուս բնակիչները 1989թ․ հունվարին բռնագաղթել են Ադրբեջանի Խանլարի շրջանից և բնակություն հաստատել Կութում։ Նրանց բոլորի անասունները խլել են ադրբեջանցիները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter