HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ սկսել երրորդ պատերազմ»

Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ դա է միակ պատճառը, որ Բաքուն ուժով չի պատասխանում Երևանի գործողություններին։

Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Ալիևն ասել է, որ այն վաղ թե ուշ կգործարկվի՝ անկախ նրանից ուզում է Հայաստանը դա, թե՝ ոչ։ Նրա պնդմամբ՝ այդ ճանապարհը Բաքվի համար ռազմավարական նշանակություն ունի, ուստի «դրանով երթևեկությունը պետք է բացվի որքան հնարավոր է արագ»։

«Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, ուզում է Հայաստանը դա, թե՝ ոչ։ Մեզ համար դա ռազմավարական նախագիծ է։ Մենք ուզում ենք, որ այն արագ գործարկվի»,- Trend գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։

Ալիևը պնդել է, թե, իբր, «Զանգեզուրի միջանցքի» շինարարության նախագիծն իր արտացոլումն է գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Հայաստանը ուզում է դրանից խուսափել, փաստացի չի կատարում ավելի քան 2 տարի առաջ իր ստանձնած պարտավորությունները։ Բայց դա չի կանգնեցնի Բաքվին, քանի որ դա ռազմավարական նախագիծ է ոչ միայն Ադրբեջանի, այլև հարևան մի քանի երկրի համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Անդրադառնալով այն պնդմանը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ նշում չկա, Ալիևը պատասխանել է. «Ճիշտ է, այնտեղ Զանգեզուրի միջանցք բառ չկա, որովհետեւ դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես ներառեցի աշխարհաքաղաքական խոսույթում, ինչպես ասում են։ Սակայն, այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, ու Հայաստանը պետք է դա ապահովի»:

Հիշեցնենք, որ այսօր այս թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ տարածքում բացառվում է որևէ միջանցքի գոյություն։ «Մենք բացառում ենք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի տրամադրումը, բացառում ենք․․․ բանավոր պայմանավորվածություն է եղել, խոստում է եղել․․․ դրանք անհեթեթություններ են»,- ասել է վարչապետը։

Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին։ Նրա խոսքով՝ կան բոլոր պայմաններն այդ պայմանագրի կնքման համար՝ հավելելով, որ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Ալիևն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելուն ու, այսպես կոչված, «էկոակտիվիստների ակցիային»։ Ըստ նրա՝ «անամոթություն է Լաչինի միջանցքում տեղի ունեցողը շրջափակում անվանելը»։ «Ով չի ուզում լինել մեր քաղաքացի, ճանապարհը փակ չէ, այլ բաց է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը, եթե Ղարաբաղում ապրող հայերը չցանկանան դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

Ադրբեջանը Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող իրավիճակի մեջ մեղադրել է Ֆրանսիային։ Նրա պնդմամբ՝ «ներկայիս իրավիճակը ֆրանսիական իշխանությունների ձեռքի գործն է»։ «Ֆրանսիան կարող է ապրել առանց մեզ, իսկ մենք՝ առանց Ֆրանսիայի»,- լրագրողի այն հարցին, թե այս իրավիճակում ինչ դերակատարում ունի Մինսկի խմբի համանախագահ այդ երկիրը, արձագանքել է Ալիևը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter