HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի, ԼՂ անվտանգությունը երաշխավորելու, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

Եռամյա ընդմիջումից հետո այսօր հրավիրած դեմ առ դեմ ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հանրությանը հուզող մի շարք հարցերի։ «Հետք»-ն առանձնացրել է Փաշինյանի հայտարարությունները Լաչինի միջանցքի փակման, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորելու՝ Հայաստանի պարտավորության, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։

Լաչինի միջանցքի մասին

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ ժողովրդին, հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատական ունի, և խնդրի ամենակարևոր կոնտեքստը սա է։ Կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված, ըստ էության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության վրա։

6-րդ կետով ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումներն ու մոտեցումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, քանի որ այն ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո է։

«Դա նշաակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա։ Ակնկալում ենք, որ սա կատարվի․․․ ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարների ստորագրությամբ կա այդ մանդատը։ Այդ փաստաթուղթը գոյություն ունի՝ որպես եռակողմ հայտարարության շարունակություն»,- հայտնեց Փաշինյանը։

ԼՂ անվտանգության երաշխավոր լինելու մասին

«ՀՀ որոշման բերումով են ռուս խաղաղապահ զորքերը տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։ ՀՀ-ի, այդ թվում՝ ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարմամբ է, որ Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Երբ խոսում  ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով»,- անդրադառնալով ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին հարցին՝ ասաց վարչապետը։

Արդյոք 2025 թ․-ին նման հնարավորություն տեսնում է, երբ խաղաղապահների ժամկետը լրանա, վարչապետն ասաց. «Տեսնում եմ, որ մենք իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք, կարող է դրա անհրաժեշտությունը չլինի, կարող է նաև լինել։ Իրավիճակի վելուծությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ կարող է նաև լինել։

Եթե տեսնենք, որ գործառույթին որևէ բան սպառնում է, իսկ գործառույթը միջոց չէ, նպատակն է՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունը, իհարկե, այդ թվում՝ որես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր, պետք է նաև այլ միջոցներ փնտրենք և փորձենք գտնել»,- ասաց նա։

Վարչապետն անդրադարձավ նաեւ որոշ փորձագետների դիտարկմանը, թե ինչու Հայաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

«Հայաստանը, նախ, ԱԽ դիմել է, երկրորդն էլ, եթե մենք այդ հարցով դիմենք Անվտանգության խորհուրդ, նշանակում է, որ դիմում ենք նաև ընդդեմ Ռուսաստանի, այսինքն՝ մեզ պետք է, որ ԱԽ-ում որոշումն ընդունվի, ոչ թե ուղղակի դիմենք»,- հայտնեց նա։

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չեն կայանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա։

«2020-ի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը առաջին հերթին Ռուսաստանի հետ եղել է հետևյալը, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ-ի հետ անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման:

Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար:

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած դեպքերի ժամանակ, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ակնկալել ենք կոնկրետ գործոցություններ ՌԴ մեր գործընկերներից։ Ի պատասխան հարցումների ու դիմումների՝ ստացել ենք դիտարկում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Այս համատեքստում կարևոր է այդ հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար»,- ասաց նա։

ՀՀ ղեկավարը հայտնեց՝ այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։

«Երևանում գագաթնաժողովում Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրն այն էր, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք՝ ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք՝ առանց այս գծի պաշտոնապես արձանագրման մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում։ Այս խոսակցությունը շարունակում է մնալ օրակարգային հարց»։

ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցությունների ընթացքում բացատրում է նրանով, որ մտավախություն ունի, թե ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, Փաշինյանը նշեց՝ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում արևմտյան երկրների շրջանում։

«ՌԴ գործընկերների, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար:

Առայժմ արձանագրում ենք այս փաստերը»,- նշեց նա։

Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ ՀՀ-ին չի եղել

Վարչապետի հավաստմամբ՝ ՀՀ-ին Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել։

«Բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը, և մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Մեզ համար, ընդհանուր առմամբ, ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։ Մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում մեր պետականության հարատևությունն ապահովելը»,- նշեց նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք ոչ պաշտոնական առաջարկ եղել է, Փաշինյանն ասաց․ «Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական, ոչ պաշտոնական շփումներն էլ»։

ԱԽ քարտուղարը դրա՞նք նկատի ուներ,- ճշտեց լրագրողը։

-Ենթադրում եմ՝ այդ թվում՝ դրանք է նկատի ունեցել։

Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումն ունի երկու նպատակ՝ առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ ապրելու սեփական տանը, և Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։

«Մենք պետք է փորձենք կապիտալիզացնել միջազգային հանրության արձագանքը։ Այստեղ շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- ասաց նա։

Փաշինյանը հստակ պատասխան չտվեց՝ ընդունելի՞ է, արդյոք, Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելը

«Դուք ընդունե՞լ եք, որ Արցախն, ի վերջո, պետք է լինի Ադրբեջանի կազմում խաղաղության պայմանագրով կամ ինչ-որ տարբերակով»,- հարցրեց լրագրողը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, որն ասել էր, թե Պրահայում ստորագրված փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:

«Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ՝ հղվելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ կարևոր է նաև այդ հարցում պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե այո, Հայաստանի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ նոր աշխարհակարգում մենք չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանի վրա։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Փաշինյանը ողջունեց Թուրքիայի՝ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին հայտարարությունը։

«Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար։ Կարևոր է, որ հարաբերություններում դինամիկա ունենանք»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը։

«Ակնկալում ենք նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։ Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, և կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում։ Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու գործարկումը ավելի գլոբալ նշանակություն են ստանում։ Հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»,- ասաց նա։

Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու. «Մենք դրան պատրաստ ենք, նաև շահագրգռված ենք դրանով։ Նաև ՀՀ տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումով ենք հետաքրքրված»։

Ըստ վարչապետի՝ միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է միջանցքների մասին։

Պատասխանելով հարցին՝ ո՞րն է կարմիր գիծը, որն անցնելու դեպքում ինքը չի ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ՀՀ ղեկավարը նշեց՝ այն դեպքում, երբ տեքստը չի համապատասխանի ՀՀ պետական շահերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter