
Լրագրողական հարցեր՝ քննականից առաջ. դիմորդները հոգնում են (վիդեո)
Այսօր մեկնարկեցին պետական ավարտական և միասնական քննությունները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Քննությունը հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 11 795 դիմորդ:
«Ժամը 8:30-ին հայտարարեցինք դիմորդների մուտքը քննասենյակներ,- ասաց Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար, Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհրդի անդամ Ռուզաննա Կոստանյանը:- Ես կանգնած հետևում եմ դիմորդներին, ուրախ տրամադրությամբ ներս են մտնում, մենք էլ ենք աշխատում իրենց ոգևորել, որ լարվածություն չլինի»:
ՀՀ-ում և ԼՂՀ-ում ձևավորվել է 48 քննակենտրոն: Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվն ամենամեծն է: Միայն Երևանում ձևավորվել է 14 քննակենտրոն:
Երևանի պետական բժշկական համալսարանի քննակենտրոնում տեղադրված էր մեկ մոնիտոր: Ծնողները դժգոհեցին, որ էկրանի վրա չեն գտնում իրենց երեխաներին, «մեկ հեռուստացույցը շատ քիչ է, մի տեղ հազար հատ մոնիտոր են դնում, մի ուրիշ տեղ մի հատ»:
Քննակենտրոնի ղեկավարը բացատրեց, որ ԵՊԲՀ-ում կա մեկ քննասենյակ, հետևաբար տեղադրվել է մեկ մոնիտոր: «Ինչո՞ւ եք ուզում տեսնել ձեր երեխաներին, գրում են էլի, ասենք թե տեսաք, հետո՞: Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, հանգիստ եղեք»,- ասաց նա ծնողներին, բայց վերջիններից մեկը շարունակում էր խնդրել, որ իրեն ներս թողնեն քննասենյակ, «մի վայրկյանով տեսնի, գա»:
ԵՊԲՀ-ի քննակենտրոնում ոչ մի լրագրողի չհանդիպեցինք, փոխարենը հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները խմբվել էին ԵՊՀ-ում՝ դառնալով դիմորդների լարվածության պատճառ: Աշակերտներից մեկը չսպասեց, մինչև լրագրողները կավարտեն իրենց հարցուպատասխանը ԳԹԿ խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանի հետ, մոտեցավ կազմակերպիչներից մեկին և խնդրեց սկսել քննությունը. ինքը «հոգնում է»:
Գայանե Մանուկյանի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ի քննակենտրոնում նախապես գրանցված 357 դիմորդից չի ներկայացել 16-ը: Մնացած քննակենտրոններում չներկայացած դիմորդների թիվը դեռ հայտնի չէ:
Քննական թեստերի պատասխաններն արդեն հայտնի են և տեղադրված ԳԹԿ պաշտոնական կայքում՝ atc.am-ում:
Մեկնաբանել