HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Արզաքանցյա՞նն է «ստիլյագ», թե՞ «Երկիր» օրաթերթը

«... «Երկիր» օրաթերթի «131 դեմք ու դիմակ» խորագրով ինձ վերաբերող հոդվածը պարունակում է ինչպես վիրավորանքի, այնպես էլ զրպարտության տարրեր: Մասնավորապես, հոդվածում նշված Հրանտ Բագրատյանի կողմից իմ վերաբերյալ իբր թե արված վիրավորական հայտարարությունը խոսքի միջոցով իմ պատիվը, արժանապատվությունը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, որն ամբողջովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, ինչի վերաբերյալ Հրանտ Բագրատյանը տվել է գրավոր բացատրություն»: Այսպես է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հիմնավորել իր հայցը` ընդդեմ «Երկիր» օրաթերթի:

Օրաթերթն այս տարվա հունվարի 13-ին «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո տպագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին հոդված, որտեղ նշվում է, որ Տ. Արզաքանցյանն առաջին անգամ խորհրդարան է մտել որպես ստիլյագ, շարունակ գլուխ է գովում, թե ինչպես է ինքնաթիռներով գեղեցկուհիներ բերում ու տանում այս կամ այն երկիր, հայտնի է նաեւ որպես «կազինոների» մշտական հաճախորդ, շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին, խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով:

«Հրանտ Բագրատյանը, երբ «Պեռնո Ռիկար»-ում էր աշխատում, մի առիթով ասել է. «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»,- գրել է «Երկիրը»:

Պարզվում է` պատգամավորը վիրավորվել է այս հոդվածից եւ պատասխան է ուղարկել օրաթերթին` պահանջելով հրապարակել այն: Պատասխանին կցել է նաեւ Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ գրություն, որտեղ վերջինս հերքում է, որ ասել է, թե «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»: «Երկիր» օրաթերթը փետրվարի 5-ին «Նամակ ենք ստացել» վերտառությամբ տպագրել է թերթի մեկնաբանությունը նամակի վերաբերյալ, իսկ պատասխանը չի հրապարակել. «Շատ գրագետ, մաքուր հայերենով, կիսահրապարակախոսական կիսափիլիսոփայական էսսե, ուր փառաբանում է իր երիտասարդության տարիների «Երկիր» օրաթերթը եւ փնովում նորը: ...Մենք պարոն Արզաքանցյանին առաջարկում ենք հետեւյալը. եթե նա այցելի խմբագրություն եւ սպիտակ թղթի առջեւ նույնքան գեղեցիկ հայերենով գրի նույն նամակը, սիրով կհրապարակենք»:

Թերթի պատասխանատուներն ընդունում են, որ ստացել են «Պատասխան» վերտառությամբ նամակ եւ այն հրապարակելու պահանջ, որում, սակայն, բացակայել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի հղումը, ինչը հնարավորություն կտար ուղարկված տեքստն իրավական չափանիշներով ընդունել որպես հերքման հրապարակման պահանջով ուղարկված պատասխան: Ավելին, պատասխանը ոչ թե վերաբերել է տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին, ինչպես պահանջում է օրենքը, այլ գնահատական նախկին լրատվամիջոցի` ժամանակի ընթացքում որակի անկման մասին, վերջում նաեւ խորհուրդ` անդրադառնալ թերթի վերաբացման նպատակահարմարության հարցին: (Հիշեցնենք, որ «Երկիրը» 2010-ի հուլիսին փակվեց եւ վերաբացվեց նույն թվականի դեկտեմբերին):

Տ. Արզաքանցյանի կարծիքով` հոդվածը պարունակում է թե վիրավորանք, թե զրպարտություն: Հենց այս հիմքերով էլ նա դիմել է դատարան. «Բացի այն, որ հոդվածում իմ վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնցով փորձ է արվել արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, այդ տվյալները ներկայացվել են գռեհիկ ոճով` օգտագործելով այնպիսի արտահայտություններ եւ բառեր, ինչպիսիք են, օրինակ, «ստիլյագ», «ծեծ ուտելու սովորություն ունի»«,- հայցադիմումում նշել է պատգամավորը: Եվ չնայած պատգամավորը «ստիլյագ» արտահայությունն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող բառ է համարում, նույն արտահայտությունը ինքն է կիրառել օրաթերթի հասցեին` «Երկիրին» ուղարկած իր պատասխանում. «...Չունենալով որեւէ բարոյական իրավունք, օրաթերթն իմ անձին վերաբերող բազմաթիվ ստահոդ տեղեկություններ է նշել հոդվածում` ցանկանալով այդ կերպ այլ լրատվամիջոցների շարքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տպագրելու առումով «ստիլյագ» երեւալ»:

Տ. Արզաքանցյանը դատարանից պահանջել է ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի հիմքերով պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին լրիվ կամ մասնակի հրապարակել այս գործով դատարանի վճիռը եւ պատգամավորի ներկայացրած պատասխանը, «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 մլն դրամ որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում (1 մլն վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար), ինչպես նաեւ օրաթերթից բռնագանձել 568 հազար դրամ` որպես կատարված դատական ծախսեր, որից 500 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազարը` վճարված պետական տուրքի գումար:

Մարտի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Ռուբեն Ափինյանի, կայացել է այս գործով նախնական դատական նիստը: Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը մեկ անգամ եւս պարզաբանել է, որ պատգամավորը հատկապես վիրավորվել է «էն լակոտը», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» եւ «ստիլյագ» բառերից: Իսկ որպես զրպարտություն փաստաբանը մատնանշել է «ինքնաթիռով գեղեցկուհիներ տանել-բերելը», «հայտնի է նաեւ որպես «կազինոների» մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին», «անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովի միջանցքներում» արտահայտությունները:

Պատասխանող կողմը նշում է, որ Ս. Ի. Օժեգովի «հսՏՉՈՐՖ ՐցրրՍՏչՏ ÿջօՍՈ» բացատրական բառարանում «ստիլյագ» բառի իմաստը բացատրվում է որպես «աղմկոտ մոդային կուրորեն հետեւող երիտասարդ», այսինքն` վիրավորական չէ: Պատգամավորի «վիրավորանք» գնահատած մյուս արտահայտությունը` «ծեծ ուտելու սովորություն ունի»-ն, ըստ պատասխանողի, եւս չի կարող վիրավորական լինել, քանի որ պատգամավորի նկատմամբ նշված բնույթի արարքներ թույլ տալու փաստերը լիովին համապատասխանում են իրականությանը, քանզի հարուցված են քրեական գործեր, եւ բազմիցս հրապարակվել է պաշտոնական տեղեկատվություն:

«Մենք, բնականաբար, բոլոր կետերով ունենք մեր պարզաբանումները, թե ինչու վիրավորանք չենք համարում կամ ինչ հիմքով ենք հրապարակել տվյալ տեղեկությունները, իսկ զրպարտությունների վերաբերյալ ասեմ, որ զրպարտություն չկա, դատարանում մենք կներկայացնենք բոլոր այն փաստաթղթերը, բոլոր այն հրապարակումները, այդ թվում` հենց պատգամավորի հարցազրույցները, որոնք հիմք են տվել մեզ նման հրապարակում անելու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Երկիր» օրաթերթր գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը: Պատասխանող կողմը դատարանին խնդրել է մերժել հայցը եւ պատգամավորից բռնագանձել օրաթերթի կատարած ծախսերը:

Դատական նիստից հետո` մարտի 26-ին, «Երկիր» օրաթերթի կայքում «Հերքում» խորագրի ներքո նյութ է հրապարակվել: Համաձայն այդ տեքստի` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Տիգրան Արզաքանցյանին չի ասել` «էդ լակոտը», քանի որ դրա մասին կա համապատասխան տեղեկանք, պատգամավորը «ստիլյագ» չէ, խորհրդարանի նիստերին ներկայանում է հնամաշ ու անճաշակ հագուստներով: Խոսում, ելույթներ է ունենում եւ հարցազրույցներ տալիս բացառապես գրական հայերենով, Քյավառի բարբառով չի կարողանում բացատրվել:

Հայաստան է հրավիրում բացառապես գեշ ու անդուր կանանց, ոչ թե ինքնաթիռներով, այլ ավտոբուսներով: Քրտնաջանորեն մասնակցում է օրինաստեղծ աշխատանքին, հանդես է եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ է ունենում եւ մասնակցում ԱԺ բոլոր քվեարկություններին, պարբերաբար հանդիպումներ է ունենում ընտրողների հետ: Ամբողջ կյանքում ոտք չի դրել կազինո կոչվող հաստատություն, բնականաբար, ոչ մի անգամ այնտեղ ծեծի չի ենթարկվել, բնականաբար, ծեծ ուտելու սովորություն ձեռք բերել չէր կարող: «Հավատացի՞ք»,- հարցադրումով ավարտվում է հերքման տեքստը:

Մինչեւ ապրիլի 11-ը դատարանը ժամանակ է տրամադրել փաստաթղթերը, ապացույցները պատրաստելու եւ պատշաճ ներկայացնելու համար: Օրաթերթը դիմելու է ԱԺ` Տ. Արզաքանցյանի` ԱԺ նիստերին մասնակցության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար, ինչը կվկայի, որ նա իսկապես չի մասնակցել ԱԺ նիստերին: Բ. Եսայանը կարծում է, որ ԱԺ-ն դժվարություն չի հարուցի այդ տեղեկանքը տրամադրելու հարցում, բայց նաեւ թերահավատ է Հայաստանի արդարադատության համակարգի նկատմամբ:

«Այն, որ դու արդարացի ես, դեռեւս չի նշանակում, որ դու կհաղթես: Այս երկրում դա նույն բանը չէ: Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ մեր ներկայացրած փաստերը բավական ծանրակշիռ կլինեն, եւ դատարանը, այնուամենայնիվ, չի չգնա նորից օլիգարխ պատգամավորի շահը պաշտպանելու եւ լրատվամիջոցի իրավունքը խախտելու ճանապարհով»,- ասում է գլխավոր խմբագիրը: Բ. Եսայանը նաեւ վստահեցնում է, որ եթե «օլիգարխ պատգամավորի» օգտին վճիռ կայացվի, պատրաստ են շարունակել դատական գործընթացը:                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter