HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Ճապոնիայում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա: Սենդայ քաղաքում նա այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:

Նախագահն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար:

«Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար: Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները:

«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սենդայում հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև ցունամիի հետևանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը կմեկնարկեն նրա հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter