HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Լաչինի միջանցքի փակման վերջնական նպատակը ռազմական էսկալացիան է․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է արդեն 32 օր։ Երկուշաբթի խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանից էլեկտրակաէներգիա մատակարարող գծի աշխատանքը։ Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքի վերաբերյալ։ Այս մասին Կառավարության հունվարի 12-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել։ Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունը չի բավարարում։ Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով։ Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ՝ այդ կամքն անկոտրում է։

Բայց մյուս կողմից պետք է նաև որոշակի պատկերացում ունենանք՝ ինչպես պետք է հանգուցալուծվի իրավիճակը։ Այդ հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Ի՞նչ է սա նշանակում։ Առաջին հերթին վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վեշրջնակետին հասնող հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։

Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է։

Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը։ Մյուս կողմից մեր դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պիտի կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։

«Հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter