
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կհատեն նույնականացման քարտով
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց փոխադարձ այցելությունները դյուրացնելու պրոցեսը։
Փաշինյանի խոսքով՝ այսօր Վրաստանի վարչապետը կայցելի Երևան, որտեղ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նա հույս հայտնեց, որ այդ համաձայնագիրն այսօր կստորագրվի։
Համաձայն Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների՝ 2011 թվականին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը 562 հազար է, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020 թվականին, կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է (շուրջ 260 հազար այցելու)։
Ներկայումս Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Նոր համաձայնագրի կնքմամբ՝ 1993 թ.-ի համաձայնագիրն ուժը կորցրած կհամարվի։
Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել