
Ճապոնիայի նվիրած շտապօգնության մեքենաներից մեկը կհատկացվի ԱԱԾ-ին՝ պետական պաշտոնյաների բուժօգնության նպատակով
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 2022 թ.-ի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ» մակնիշի 39 շտապօգնության մեքենա է նվիրել:
Կառավարության հունվարի 12-ի որոշմամբ՝ դրանցից 38-ը կնվիրաբերվի «Շտապօգնություն» ՓԲ ընկերությանը: Միաժամանակ, Առողջապահության նախարարությանն ամրացված 2020 թ.-ի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 5 շտապօգնության մեքենաները և 2019 թ.-ի արտադրության «Նիսսան Մինի Բաս» մակնիշի 7 շտապօգնության մեքենաները նույնպես որոշվել է նվիրաբերել «Շտապօգնություն» ՓԲ ընկերությանը` այսպիսով ընկերության ավտոպարկը համալրելով վերջին տարիներին արտադրված 50 շտապօգնության մեքենաներով:
Առողջապահության նախարարության ավտոպարկը համալրելու անհրաժեշտությունից ելնելով` իր հերթին «Շտապօգնություն» ՓԲ ընկերության կողմից Առողջապահության նախարարությանը կփոխանցվի 2018 թ.-ի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 և 2011 թ.-ի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 3 շտապօգնության մեքենա:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է՝ համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար Հայաստանին նվիրաբերված 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով:
Մեկնաբանել