HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը հրաժարվել է Ալժիրից գաղութացման համար ներողություն խնդրելուց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ պետք չէ ներողություն խնդրի Ալժիրից գաղութացման ժամանակաշրջանի համար, սակայն հույս ունի Փարիզում ընդունել իր ալժիրցի գործընկեր Աբդելմաջիդ Տեբունին՝ երկու երկրների հաշտեցման համատեղ ջանքերի շարունակման համար։ Այդ մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում։

«Ես անհրաժեշտություն չեմ տեսնում ներողություն խնդրելու։ Բանն այն չէ, թե այդ ժեստը կարող է կտրել բոլոր կապերը։ Վատագույնը կլիներ՝ ասել, որ մենք ներողություն ենք խնդրում և այնուհետ գնում ամեն մեկս մեր ճանապարհով»,- ասել է Մակրոնը։

Ներողության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է ֆրանսիացի պատմաբան Բենժամեն Ստորի զեկույցից հետո, որն արտահայտվել է երկու երկրների հաշտեցման օգտին՝ բացառելով, սակայն, ապաշխարությունն ու ներողությունը։ «Եղել է պատերազմ։ Ներողություն խնդրելով կամ չխնդրելով՝ ոչինչ այլևս չես ուղղի։ Պետք է վերադառնալ պատմությանը և դրան տալ ճիշտ գնահատական»,- ասել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ալժիրի ղեկավարին արված հրավերը։ «Ես հույս ունեմ, որ նախագահ Տեբուն 2023 թվականին կկարողանա այցելել Ֆրանսիա։ Այդ այցը թույլ կտա շարունակել մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման աշխատանքները, որոնք սկսվել են 2022 թվականի օգոստոսին Ալժիր իմ այցից հետո»,- ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ միլիոնավոր համերկրացիներ կապված են երկու երկրների պատմության հետ։ «Դրանք ալժիրցիներն են, որոնք Ֆրանսիայում ապրում են երկքաղաքացիությամբ, ֆրանսիացիները, որոնց ծնողները սերել են Ալժիրից, ալժիրցիները, որոնք ծառայել են ֆրանսիական բանակում, հայրենադարձներն ու նրանց ընտանիքները, ֆրանսիացի զինվորները, որոնք կռվել են Ալժիրում։ Պատմության տարբեր ընկալումներն ազդեցություն են ունենում քաղաքական կյանքի վրա»,- նշել է նա։ 

Մակրոնը նաև կոչ է արել թուլացնել լարվածությունն Ալժիրի և Մարոկկոյի միջև։ Ալժիրը 2021 թվականի օգոստոսին խզել էր իր դիվանագիտական հարաբերություններն արևմտյան հարևանի հետ՝ միմյանց նկատմամբ թշնամական գործողությունների մեղադրանքներից հետո։

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter