
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, քարտուղար՝ Զարուհի Փոստանջյանը
Այսօր տեղի ունեցավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության և այլ հարցեր:
Միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար՝ Զարուհի Փոստանջյանը:
Խմբակցության որոշմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը:
Պետական-իրավական հարցերի ու գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, արտաքին հարաբերությունների ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Ալեքսանդր Արզումանյանը, տնտեսական հարցերի և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներում՝ Խաչատուր Քոքոբելյանը: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Մեկնաբանել