HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անհեթեթ են հայտարարությունները, թե ՌԴ-ն սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Զախարովա

Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին կապում են բարեկամության ամուր կապերը, դրանք արմատավորված են պատմության խորքում։ Մենք տրամադրված ենք շարունակելու ամեն կերպ ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ինտեգրացիոն ընդհանուր միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս ֆոնին Երևանից հայտարարությունները՝ իբր ռուսական ներկայությունն ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ռուս սահմանապահները տասնամյակներ շարունակ էական ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պահում սահմանները։ «Դա օբյեկտիվ իրականությունն է, որը հնարավոր չէ հերքել, ընդ որում՝ ավելի վաղ, հայկական ներկայիս ղեկավարությունը հանրայնորեն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա բախտախնդիրները, որոնք կոչ են անում դուրս քշել մեր զինվորականներին, իրենց հաշիվ չեն տալիս այդպիսի քայլի իրական հետևանքների վերաբերյալ»,- նշել է Զախարովան։

Խոսելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի առարկայական կարգավորմանը, այլ ոչ թե պոպուլիզմով զբաղվելուն»։

«Մենք տրամադրված չենք զբաղվել պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման շուրջ առարկայական աշխատանքով։ Եվ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ ևս մենք հետևողականորեն աջակցում ենք երկկողմ պրոֆիլային հանձնաժողովի գործունեությանը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրա աշխատանքին, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տրամադրման միջոցով»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Այս ուղղությամբ առաջընթացը թույլ կտա արդյունավետորեն լուծել գետնի վրա առկա վիճելի հարցերը։ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացնում է համապատասխան եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Դրա հովանու ներքո լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարվել, լրացուցիչ համատեղ ջանքեր են պահանջվում դրանք գործնական հուն տեղափոխելու համար»,- եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба МИД РФ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter