Սերգո Կարապետյան. այս տարի արտահանվող ծիրանի ու խաղողի ծավալներն էականորեն կմեծացվեն
«Անցյալ տարի կարողացանք արտահանել զգալի քանակությամբ ծիրան և խաղող: Այս տարի այդ ծավալները էականորեն կմեծացվեն: Այն կազմակերպությունները՝ այդ թվում ֆրանսիական, որոնք կցանկանան իրականացնել արտահանում, կստանան մեր աջակցությունը»,- այսօր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը սահմանել է զգալի արտոնություններ՝ դյուրացնելով արտահանման գործընթացը: «Ներքին շուկայի պահանջարկը, հատկապես բանջարեղենի և պտղի առումով, կարողանում ենք բավարարել: Այսօր ձգտում ենք ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված գյուղանտեսական արտադրանքի արտահանումը մեծացնել ռուսական և եվրոպական շուկաներում»,- հավելել է Սերգո Կարապետյանը:
Նա նշել է, որ Ֆրանսիա ևս վերամշակված արտադրաքն է արտահանվում, սակայն առկա ծավալները մեծացնելու անհրաժեշտություն կա:
Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերում՝ նշելով, որ մինչ այս հանդիպել է Ֆրանսիայի մեծածախ առևտրի շուկայի՝ Ռենջիսի ներկայացուցիչների հետ:
«Նրանք հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսական մթերքներով՝ մասնավորապես բանջարեղենի և մրգի արտահանմամբ: Հավանաբար, շուտով կմեկնարկի այդ գործընթացը: Գյուղատնտեսության ոլորտով զբաղվող փաստաբանական ընկերության ղեկավար Ֆաննի Մարի Բրիզդեի այցելությունը Հայաստան կնպաստի հետագա համագործակցության ու գործնական առաջարկների կյանքի կոչմանը»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել