HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ամենաշատ տրվող հարցը՝ ե՞րբ է բացվելու ճանապարհը

Արցախի շրջափակման հետևանքով Գորիսում մնացած արցախցիներից Սյունիքի մարզպետարանի թեժ գծին մինչ օրս 800 զանգ են ստացել։ «Ամենաշատը հարցնում են՝ ե՞րբ է բացվելու ճանապարհը։ Նրանց համար ամենածանրը հոգեբանական վիճակն է՝ սպասումը, թե երբ են տուն գնալու»,- ասում է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։

Արցախը շրջափակելու 32-րդ օրն է և Է Մարտիրոսյանի խոսքով՝ Գորիսում գտնվող արցախցիների թիվն այս ընթացքում ավելացել է՝ Երևանից եկել են Գորիս ու սպասում են։ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը դիմավորեցին Գորիսում, Արցախում գտնվող ընտանիքի անդամներին շնորհավորեցին, հեռավար բարեմաղթանքներ փոխանակեցին հյուրանոցներից, որտեղ բնակեցրել են նրանց՝ հարազատների, մտերիմների տներից։

Դասերը վերսկսվեցին դպրոցներում, և երեխաները, կրթությունից դուրս չմնալու համար, հարկադրված եղան նոր դպրոց ընտրել Գորիսում։ «Երեխաները հեշտությամբ ինտեգրվեցին նոր միջավայրին, շրջապատի հետ հակասություններ չունեն, միայն կարոտն է տանջում»,- ասում է Սյունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը։

Վերջինս հայտնեց, որ Գորիսում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ծնողների հետ տեսակապով են խոսում, և դա նրանց ուժ է տալիս։ Կան ծնողներ, որոնց երեխաներն են մնացել Արցախում, նրանք էլ բաժնի աշխատակիցների հարցերին պատասխանում են՝ դիմադրում ենք։ Ծնողական խնամքից զրկված երեխաների հետ հոգեբանական աշխատանքներ են տարվում, ժամանցային ծրագրեր են իրականացնում։ Բաժնի պետը հայտնեց, որ հիմնականում Կարմիր խաչի աշխատակիցներն են զբաղվում նրանցով, նաև՝ տարբեր միջազգային կազմակերպություններ և անհատներ։

Տեղեկացանք, որ միջազգային կառույցները, անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, հրաժարվում է Արցախ տեղափոխել այդ երեխաներին, ասելով՝ այնտեղ վիճակն ավելի վատ է։

Դպրոցահասակ երեխաներից բացի, Գորիսում կան նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներ, բուհերի ուսանողներ, որոնք Արցախի շրջափակման հետևանքով փաստացի զրկվել են կրթություն ստանալու իրավունքից։

Գորիսում մնացած արցախցիներին հագուստով, գրենական պարագաներով, անհրաժեշտ այլ իրերով ապահովել են կազմակերպությունների, անհատների աջակցությամբ։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնեց, որ գործընկեր կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ հումանիտար նշանակության ցանկացած հարց լուծում ստանում է, առաջնային կարիքները կարողանում են հոգալ՝ նորածինների խնամքի ու հիգիենայի պարագաներ, մանկական կեր, տարեցները՝ դեղորայքի, բժշկական ծառայությունների կարիք ունեն։

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը գոհունակութամբ է նշում, որ Գորիսի բուժհաստատությունները, նույնիսկ նրանք, որոնք մարզպետարանի ենթակայության տակ չեն՝ պատրաստակամ օգնում են քաղաքացիներին։ Օրինակ՝ Գորիսի սրտաբանական կենտրոնը, որը մասնագիտացված բուժօգնություն է ցուցաբերում։ Շաքարային դիաբետով հիվանդ մի երեխայի, որը ծնողների հետ ժամանակավոր բնակվում է Սիսիանում, հարազատների տանը, ինսուլին է տրամադրվում։

Է Մարտիրոսյանը հայտնեց, որ հարազատների մոտ բնակվող արցախցիների մասին մարզպետարանում տեղեկություններ չունեն, օպերատիվ շտաբը զբաղվում է այն անձանց խնդիրներով, որոնք դիմել են՝ իրենց կեցությունն ապահովելու խնդրանքով։ Գորիսի հյուրանոցներում գտնվող արցախցիների գիշերակացի և սննդի ապահովման համար Կառավարությունը դեկտեմբերի վերջին 9 մլն 387 հազար դրամ է տրամադրել։ Առաջիկա օրերին ևս 96 մլն դրամ կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ Գորիս համայնքի 17 հյուրանոցում հյուրընկալվածների ծախսերը հոգալու համար։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ կան նաև այլ մարզերում։ Օրերս «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանն իր ֆեյսուբքյան էջում գրեց Շիրակի մարզի Մայիսյան գյուղում բնակվող մի ընտանիքի մասին։ Մանկահասակ 6 երեխայի մայրը Արցախի ճանապարհը փակվելու պատճառով մնացել է այնտեղ։ «Ընտանիքը Արցախից է եկել, ավագ եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում: Մայրը ընտանիքին հասանելիք բնակարանի անհրաժեշտ փաստաթղթերի համար մեկնել է Արցախ և հայտնի պատճառներով մոտ մի ամիս մնացել է ու չի կարողանում հետ գալ մանկահասակ երեխաների մոտ...»։

Ախուրյան համայնքի ղեկավարի որոշումով երեխաների խնամքը ժամանակավորապես ստանձնել է համայնքապետարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter