HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման լուրը

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ձեռնպահ է մնացել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության չեղարկման հարցի մեկնաբանությունից։

Պատասխանելով հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի ԱՄՆ-ն այն մասին, որ Հայաստանը «հրաժարվել է ընդունել Ռուսաստանի ղեկավարման ներքո զորավարժությունը», Նեդ Փրայսը պատասխանել է. «Ես կցանկանայի հարցը վերահասցեագրել Հայաստանի կառավարությանը, որ նրանք շարադրեն այս հարցի շուրջ իրենց դիրքորոշումը»։

Փրայսը նաև անպատասխան է թողել Միութենական հանրապետությանը Հայաստանի միանալու Ռուսաստանի փորձերի մասին լրագրողի հարցը։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։

Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել էր, որ Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա իրավիճակին, որը «կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը՝ պնդելով, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ «ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների ըմբռնում:<...>Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- ասված էր հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter