
Դատավորը մերժեց Մարիամ Գևորգյանի ինքնաբացարկի միջնորդությունը ու հետաձգեց նիստը
Հունիսի 5-ին Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Վեդի) տեղի ունեցավ ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով հերթական նիստը, որի ժամանակ դատավորը մերժեց հայցվոր կողմի ինքնաբացարկ միջնորդությունը:
Դատական նիստերը արդար ու բաց անցկացնելու պահանջով այսօր Մարիամի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան» բողոքի ակցիա էր կազմակերպել դատարանի դիմաց:
Կոալիցիան հիշեցնում է, որ Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ:
Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ՝ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարած համաներմամբ:
Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
«Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան» հայտնում է, որ հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 12:30-ին, Արտաշատում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել