HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Կառավարության ղեկավարները քաղաքական շահերի համար անում են քայլեր, որոնք վնասում են երկրի անվտանգությանը». Արման Թաթոյան

Պրն Թաթոյան, Դուք դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս Կապանում առանձնացրիք մի քանի գյուղ, որոնք 44-օրյա պատերազմից հետո անվտանգային և սոցիալական լուրջ խնդիրների բախվեցին։ Երկու տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այդ գյուղերի բնակիչները մաս-մաս կորցրին սեփական հողատարածքները և անասուններին։ Վերջերս Կառավարությունը փոխհատուցում վճարեց այդ գյուղերից մեկի՝ Ներքին Հանդի բնակիչներին, տնտեսական կորուստները փոխհատուցելով` հնարավո՞ր է շարունակել ապրել այնտեղ։

Ներքին Հանդում քաղաքացիական բնակչություն չկա։ Այնտեղ ընդհանրապես հնարավոր չէ բնակվել, որովհետև անվտանգության լրջագույն խնդիրներ կան, մարդկանց կյանքի իրավունքը և անվտանգությունը խաթարված է։ Բնակչության հատուցումը դա չպետք է լինի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ պատասխանատվություն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, սա սահմանադրական պարտավորություն է։ Նման հարցերն ընդամենը փոքր միջանկյալ միջոցներ են, որով ունակ չեն մարդկանց իրավունքները վերականգնել։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական զինված ուժերը հեռացվեն Հայաստանի տարածքից, որպեսզի մարդիկ կարողանան ապրել այնտեղ։ Ցավոք, քաղաքական հայտարարությունների պատճառով կորցրինք այդ հնարավորությունը։ Այսպես կոչված՝ դելմիտացիան և դեմարկացիան, միջազգային սկզբունքները առաջնահերթությունը տալիս են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը։ Ավելին, երբ ասում եմ, որ պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, դա միջազգային սկզբունք է և միջազգային փորձից է, քաղաքական հարաբերությունների կարգավորված չլինելը չպետք է ազդի քաղաքացիական բնակչության վրա։ Այդ դեպքում, այսպես կոչված, դելմիտացիան չի կարող մարդկանց համար խնդիրներ ստեղծելու հաշվին տեղի ունենալ։ Այն, ինչ տեղի է ունեում Սյունիքում և Գեղարքունիքում, հատկապես այդ մարզերի որոշ գյուղերում, բացարձակ անընդունելի է։ Եվ այն՝ ինչ անում է Կառավարությունը՝ փոքր փոխհատուցումներ տրամադրելով, չի կարող հարցի լուծում լինել։ Ադրբեջանական զինված ուժերն ամբողջությամբ դիտարկում են այդ տարածքները։ Մենք Ներքին Հանդում լսում էինք ադրբեջանցիների խոսակցությունները, մարդկանց ուղիղ թիրախի տակ են պահում, ցանկացածին կարող են կրակոցներ արձակելով զրկել կյանքից։ Սա անվտանգության և կյանքի իրավունքի լրջագույն խնդիր է։

Ես օրերս հայտարարություն տարածեցի, որ Գեղարքունիքի մարզում նույնպես կան գյուղեր, որտեղ բնակիչները հարկադրված լքել են իրենց բնակավայրերը։ Ընդ որում, երկու գյուղի անուն էի տվել, բայց մի քանի գյուղեր կան, որտեղից բավականին շատ մարդիկ են դուրս եկել իրենց բնակավայրերից։ Կառավարությունը փոխանակ մեր՝ անկախ հիմնադրամի, հրապարակած փաստերը հիմք ընդունի և դրանք ներկայացնի միջազգային կառույցներին, դարձյալ անցել է հին ոճին։ Համայնքների ղեկավարներից 3-4 օր շարունակ հարցազրույցներ են վերցնում, և նրանք հերքում են մեր հայտարարությունները։

Դեռևս ՄԻՊ-ի պաշտոնում Դուք հայտարարեցիք, որ Ներքին Հանդն ու Սրաշենը մեծ կորուստներ են ունեցել, միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա հողատարածք, իսկ Սրաշենում` 160 հա հողատարածք: Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը: Այդքան մեծ չափերի հողատարածքների, բերքատու այգիների և կենդանիների կորուստը կարելի՞ է փոխհատուցված համարել ամեն տնտեսությանը մի քանի մեղու և ճագար տրամադրելով, դա համարժե՞ք փոխհատուցում է նրանց ունեցած կորուստների դիմաց։ Բացի այդ, Կապան համայնքի այս երկու գյուղերը նույն կորուստներն են ունեցել, բայց Սրաշենի բնակիչներին չեն փոխհատուցել։

Սրաշենը բարձունքում է, նրա շարունակությունը՝ ձորի մեջ, Ներքին Հանդ գյուղն է, այստեղ մի բլուրը սար է, որտեղ Ադրբեջանի զինված ուժերն են նստած, ներքևում արոտավայրերն են, խոտհարք, վարելահող։ Մենք հոկտեմբեր ամսին ենք այցելել այդ գյուղեր, երբ գյուղատնտեսական աշխատանքի շրջանն էր։ Այդ ժամանակ գյուղերում դատարկություն էր, ոչ ոք չկար, որովհետև մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակել։ Նախորդ տարիներին, երբ այցելում էինք, այդ գյուղերում եռուզեռ էր։ Հիմա, եթե Կառավարությանը հարցնելու լինենք, ասելու են՝ ինչպե՞ս չէ, բնակչությունն այնտեղ է, հող են մշակում և այլն։ Սրաշենում անասնապահությունը գրեթե դադարել է։ Մենք Ներքին Հանդում էինք, երբ քաղաքացին եկավ և ասաց, որ իր 3 կովերը քիչ առաջ տրաքեցին ականի վրա։ Ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքները, այլև մնացած հողատարածքներն էլ մարդիկ չեն կարողանում օգտագործել։ Ադրբեջանցիների այնտեղ գտնվելու պատճառով ամբողջ քաղաքացիական կյանքը կաթվածահար է եղել, մարդիկ չեն կարողանում ընտանիքի եկամուտը վաստակել։

Տրված փոխհատուցումը դարման չանող բան է, ոչինչ չի տալիս բնակիչներին։ Եթե ադրբեջանական զինված ուժերը բարձունքում են, և այնտեղից դիպուկահարը հսկում է նրանց, ի՞նչ տարբերություն՝ ճագար են պահում, մեղու, թե՞ այլ բան։ Ասենք թե բնակիչներն էլ որոշ ժամանակ դիմացան և այդ հատուցումով ապրեցին։ Ադրբեջանցի զինվորը միշտ այնտեղ է, կյանքի հարց է սա, խոսքը դրանց հեռացնելու մասին է։

Կապանի համայնքապետարանն առաջիկա տարիների համար սուբվենցիոն ծրագրեր է պլանավորել Ներքին Հանդ գյուղում։ Իրատեսակա՞ն է ներդրումներ անելը մի գյուղում, որն արդեն բնակիչներ չունի։ Եթե ստեղծել են այնպիսի իրավիճակ, երբ բնակչության անվտանգությունը չեն կարողացել ապահովել, և մարդիկ հարկադրված լքել են իրենց բնակավայրերը, ներդրումներ անելը որքանո՞վ է արդարացված։

Կարևոր է, որ համայնքը աշխատանքներ կատարի այդ գյուղերում։ Պետությունը պետք է օգտագործի, հիմնավորի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունն այնտեղ՝ ավելի հիմնավորելու թշնամու զինված ուժերի անօրինական ներկայությունն իր տարածքում։ Ամեն դեպքում, այդ ծրագրերը կարևոր են, և պետք է միջազգային կառույցներին տեղեկացնել, որ նրանց ներկայության պատճառով չենք կարողանում ոչ մի ծրագիր իրականացնել։ Կառավարությունն էլ դա կարող է անել, բայց նա չպետք է հերքի ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն այստեղ, նրանք ներկա են և խաթարում են քաղաքացիական կյանքը։ Ես լինեի՝ կասեի, որ նրանք հանցագործներ են, անօրինական են գտնվում այստեղ, մեր ժողովրդին թույլ չեն տալիս իրականացնել իրենց ծրագրերը։ Բայց ոչ թե ասի՝ նրանք մեզ համար խնդիրներ չեն ստեղծում։

Ինչպես արդեն նշեցիք՝ Ձեր ղեկավարած Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն տարածեց, որ 2022թ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ, կամ ջուր չկա առհասարակ: Ինչո՞ւ է Կառավարությունը հանրությունից թաքցնում գյուղերի դատարկվելու փաստը։ Ձեր հայտարարությունները եթե չլինեն, մարդիկ չեն իմանա, թե ինչ է կատարվում մայրաքաղաքից 100-120 կմ հեռավորության վրա։ 

Իմ կարծիքով՝ շատ սխալ է, որ այս փաստերը չեն ներկայացվում և մեզ հերքելով՝ Կառավարությունը կոպիտ սխալ է թույլ տալիս։ Ես առնվազն հիմքեր ունեմ պնդելու, որ քաղաքական լուրջ վախեր կան, որպեսզի մարդկանց մոտ դժգոհություններ չառաջանան Կառավարության նկատմամբ։ Քաղաքական շահերի համար արվում են քայլեր, որոնք վնասում են երկրի անվտանգությանը։ Ես նախկինում էլ հայտարարություններ էի անում, որ ադրբեջանական զինված ուժերը նստել են մեր արոտավայրերում։ Կառավարության պաշտոնյաների հանձնարարությամբ՝ իրենց հարող լրատվամիջոցները հարցազրույցներ են վերցնում համայնքային իշխանություններից, սրանք էլ ասում են՝ ադրբեջանական զինված ուժերը հեռվում են, մենք չենք էլ զգում, որ նրանք այնտեղ նստած են։ Իմ կարծիքով՝ Կառավարությունն իր այս քաղաքականությամբ ցանկանում է մարդկանց ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը, կյանքը շարունակվում է բնականոն, և սա ադրբեջանական իշխանությունների համար ձեռնտու հայտարարություն է։ Պատկերացրեք, որ գնանք միջազգային կառույցների մոտ, նրանք այս ամեն ինչը կդնեն սրանց առջև և կասեն, որ ամեն ինչը հիանալի է, իրենք խնդիրներ չեն ստեղծում խաղաղ բնակչության համար։ Ասելիքս չի վերաբերում նրան, որ պետք է խուճապ առաջացնել, այլ այդ փաստերը մենք պետք է ճիշտ օգտագործենք։ Հարկ եղած դեպքում՝ ժողովրդի հետ էլ առանձին աշխատանքներ տարվեն։

Ինչպես ՄԻՊ պաշտոնում, այնպես էլ հիմնադրամը ղեկավարելիս Դուք ասում եք, որ փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացնում եք միջազգային կազմակերպություններին։ Արդյոք, Կառավարության մակարդակով չե՞ն չեզոքացվում Ձեր աշխատանքի արդյունքները, քանի որ նրանք հանրությունից թաքցնում են իրականությունը։ Միջազգային կառույցներն ինչպե՞ս են արձագանքում Ձեր ներկայացրած փաստերին։ 

Այս պայմաններում շատ դժվար է աշխատելը, ՄԻՊ պաշտոնում էլ այդպես էր, հիմա էլ նույնն է։ Հենց ես հայտարարություն եմ տարածում՝ նրանք փորձում են անընդհատ հերքել ինձ՝ ասելով, որ նման բան չկա։ Ընկալման անկյունը շատ սխալ է, նրանք փորձում են անընդհատ սեփական շահերի տեսանկյունից նայել խնդիրներին։ Իմ հայտարարություններն ինքնանպատակ չեն, ես դա անում եմ ռազմավարական նպատակով, որ այդ փաստերն օգտագործվեն միջազգային կառույցներում, լրատվամիջոցներն օգտագործեն, Կառավարությունն օգտագործի դրսում և այլն։ Իսկ նրանք քաղաքական վախերի կամ այլ տեսանկյունից են նայում այս հարցերին։ Ամեն դեպքում սա շատ է դժվարացնում մեր աշխատանքը միջազգային կառույցներում։ Պատկերացրեք՝ դու անում ես Կառավարության հետ կապ չունեցող մի հայտարարություն, ոչ միայն Կառավարությունն ինքը, այլ իշխանական լրատվամիջոցներով հարցազրույցներ են կազմակերպում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում հարցազրույց են վերցնում համայնքի ղեկավարից, որն իմ մասին ասում է՝  այդ երբ եկավ-գնաց, մի հատ մեզ հետ չխոսեց, չկա նման բան, գյուղացիները ժամանակավորապես են լքել այդ տարածքները, հետ են գալու։

Շատ լավ, բայց ինչո՞ւ եք հիմա այդ տեսանկյունից ներկայացնում հարցը։ Այդ համայնքների ղեկավարները պետք է հասկանան, որ այս իշխանության հանձնարարականը կատարելով՝ վնասում են իրենց համայնքի անվտանգությունը։ Երբ համայնքն է հերքում, նշանակում է, որ իրենք առավել տեղեկացված են, հավաստիությունն այստեղ շատ է բարձրանում։ Հետևաբար, դրանով սկսում են խանգարել, ես վստահ եմ, որ միջազգային դատական ատյանների համար մեր հիմնադրամի հայտարարությունները շատ օգտակար են։ Պարզ է, չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները վերցնելու են նրանց հայտարարությունները և ներկայացնեն, որ ամեն ինչ հիանալի է։

Այդուհանդերձ, միջազգային իրավական կառույցներում ինչի՞ եք հասել։

Ես գիտեմ, որ մեր հայտարարություններին հետևում են տարբեր երկրների արտգործնախարարությունները, միջազգային կառույցները։ Դա շատ է օգնում իրական պատկերը ցույց տալուն։ Այսօր Արցախի հետ կապված ճգնաժամային վիճակներում ինչո՞ւ է Ադրբեջանը կարողանում արդյունքներ գրանցել։ Նրա գրավականներից մեկն այն է, որ կարողանում է ինֆորմացիայով Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից։ Ինֆորմացիան շատ կարևոր է, որ այդ պետությունների հետ ճիշտ աշխատես, դիրքորոշումներ ձևավորես։ Մենք ինքներս մեկուսանում ենք աշխարհից՝ վստահելով Ադրբեջանին, որ ուղիղ իրենց հետ կաշխատենք, բայց սա ինքնաոչնչացման տանող ճանապարհ է։

Արցախի շրջափակումը վերացնելու հետ կապված ի՞նչ շանսեր ունի Հայաստանը միջազգային կառույցներում, միջազգային իրավական ատյաններում։

Իհարկե, շուրջօրյա կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ, շատ աշխատանք ենք տանում։ Ես անձամբ, և մեր հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցում ենք ապացույցներ հավաքագրելուն, դրանք փոխանցում ենք միջազգային կառույցներին՝ թույլ չտալով ադրբեջանական այս կեղծ նարատիվների զարգացումը։

ՄԻԵԴ-ը Արցախը շրջափակելու վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու որոշում կայացրեց, որը Ադրբեջանը չի կատարում։ Ճիշտ է, Եվրոպական դատարանի որոշումը պետք է ավելի լավը լիներ, ոչ թե մասնավորեցներ հիվանդներին և այլն, բայց, միևնույն է, այս սկզբունքը դեպի Արցախ չի գործում։ Երեկ Ալիևն ասում էր` ինչքան ուզում եք Արցախից գնացեք, ավտոբուսներ տրամադրենք՝ գնացեք, որովհետև սա իրենց քաղաքականությունն է։ Արցախի շրջափակման հետևանքով արցախցի 300 երեխա կտրված է մայրական խնամքից, սա լուրջ խախտում է։ Միջազգային կառույցներից անգամ Կարմիր խաչը երեխաներին չի տանում դեպի Արցախ՝ ասելով, թե այնտեղ ավելի վատ է վիճակը։ Փոխարենը՝ պատրաստակամ է այնտեղից բերելուն, բայց դա մեզ պետք չէ։

Մենք՝ բոլորս, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն ինչպե՞ս ենք պատկերացնում․ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տեղափոխում են, սնունդ են տեղափոխում, բայց, այդուհանդերձ, նրանց դերը հո միայն սրանու՞մ չէ։ Այլ երկրներում նրանք շատ ավելի վճռական գործողություններ են կատարել։ Միջազգային նախադեպեր կան՝ Բոսնիա-Հերցեգովինայի գործը, երբ 1992թ-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարեց, որ այստեղ 100 հազար բնակիչ կա, և նրանք բնիկ են, տեղահանել հնարավոր չէ նրանց և չի էլ կարելի։ Ասել են՝ նրանց պետք է պաշտպանություն, որովհետև էթնիկ զտումների են ենթարկվում և դիմեց միջազգային հանրությանը՝ ասելով, որ հատուկ պաշտպանության գոտիներ են պետք։ Դրանից հետո էլ Բոսնիա-Հերցեգովինայի գործով ՄԱԿ-ի երկու բանաձևեր ընդունվեցին։ Հիմա Արցախում նույն վիճակն է, բայց այստեղ Ադրբեջանը, Թուրքիան շատ ակտիվ աշխատում են և անընդատ չեզոքացնում են մեր կատարած աշխատանքը։ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որ մուտք ունի Արցախ։ Այսինքն, նրա խոսքը ուժեղ կլինի միջազգային հանրության առջև։

Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի տարածքը և այնպիսի ստրատեգիական տեղերում են, որ վերահսկում են մեր քաղաքացիական բնակավայրերը, նաև՝ ռազմավարական օբյեկտները՝ հիդրոէլեկտրակայաններ, ջրի աղբյուրներ, ջրավազաններ, պոչամբար։ Օրինակ՝ Կապան համայնքում գտնվող Գեղանուշի պոչամբարը, որը քիմիական վտանգավոր նյութեր ունի, ուղիղ վտանգի տակ է։ Մենք աշխարհին այս փաստերը պետք է ներկայացնենք և չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը աշխարհին մոլորեցնի, մեզ էլ թմրեցնի իր կեղծ խաղաղասիրական քայլերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter