
Վկան երդվեց սեփական ձեռքերով մորթել ամբաստանյալին, եթե դատարանը արդար պատիժ չնշանակի
21-ամյա Մարի Դավթյանի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Թադեւոսյանն այսօրվա նիստում հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննությանը տված իր ցուցմունքներից, քանի որ իմացել է, թե իրականում երիտասարդ կնոջն ով է սպանել: «Օնիկն է սպանել, ընձի էդ մասին քուրս է ըսել, իրան էլ Օնիկի կնիկն է ըսել»,-մայիսի 30-ին տեղի ունեցած նիստի ժամանակ արած հայտարարությունն ամբաստանյալը բառացիորեն կրկնեց նաեւ հունիսի 5-ին`պահանջելով իր «գլխին սարքած» գործը կրկին ուղղարկել նախաքննական մարմիններին: Նա հայտարարեց, որ ցուցմունքները տվել է` վախենալով ոստիկանների սպառնալիքներից:
Վերջիններս չունենալով իրեղեն ապացույցներ «գործ են սարքել», ու քանի որ իր տղան նմանատիպ գործով արդեն կալանավայրում է, ուզում են իր կյանքն էլ խորտակել: Նիստը վարող դատավոր Էդվարդ Մանուկյանը ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանին հիշեցրեց, որ ինքն է մեղայականով ներկայացել ոստիկանություն եւ պատմել, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել: «Եթե համարում եք, որ դուք անմեղ եք, ապա ինչու քննիչին տված ձեր բոլոր 4 ցուցմունքներում էլ նույն բանն եք ասել»,-նկատեց դատավորը:
Ամբաստանյալի պահվածքը շփոթեցրել էր անգամ նրան պաշտպանող փաստաբան Ռազմիկ Շիրոյանին: Նախաքննության ընթացքում նույն փաստաբանի մասնակցությամբ կատարված հարցաքննությունների ընթացքում իր մեղքն ընդունած եւ արարքի համար զղջացող Գեւորգ Թադեւոսյանը, ով նախորդ նիստի ժամանակ եւս խոստովանեց, որ հունվարի 18-ի երեկոյան իրոք հանդիպել է Մարիին, զայրույթի պահին բռունցքով հարվածել ծնոտին ու նրա ուշաթափվելուց հետո գրկած տեղափոխել կիսաքանդ շենքի նկուղ, այսօր արդեն հրաժարվում էր նաեւ դատարանում արած այդ հայտարարությունից:
«Եթե սաղ կխոսան, օր Օնիկն է սպանել Մարիին, ինչի գուզեք, օր անմեղ տեղն ես էրթամ նստիմ»,-ձեռքերը թափահարելով դատարանի դահլիճում նստած վկա Հովհաննես Սահակյանի կողմը հայտարարեց ամբաստանյալը: Դատավոր Էդվարդ Մանուկյանը կարգադրեց դահլիճից հեռացնել ամբաստանյալի քրոջը` Լուսյա Թադեւոսյանին, ում դատարանը հարկ համարեց գործի շրջանակներում ներգրավել որպես վկա ու հարցաքննել:
Դատավորի կարգադրությամբ դահլիճից հեռացվեց նաեւ Ալվարդ Թադեւոսյանը` նիստը խանգարելու, տեղից հայտարարություններ անելու եւ լկտի պահվածքի համար: Գոռգոռալուց ու դատարանի նախասրահի հատակին թավալվելուց հետո, ամբաստանյալի դուստրը, հասկանալով, որ այդ կերպ չի կարող դատարանում ցուցմունք տալ, քանի որ նախորդ նիստի ժամանակ հրաժարվել էր իր այդ իրավունքից, դատական կարգադրիչների խորհրդով գրավոր դիմում ներկայացրեց նիստը նախագահող դատավորին` ստանանալով իրավունք՝ կրկին որպես վկա դատարանում հանդես գալու:
Մինչեւ նոր վկաներին լսելը` հրապարակվեցին ամբաստանյալի հունվարի 20-ին, 22-ին, 23-ին եւ մայիսի 3-ին նախաքննական մարմիններին տված ցուցմունքները: Դրանք նույնաբովանդակ էին: Գեւորգ Թադեւոսյանն իր հունվարի 23-ին գրած ցուցմունքում նշել էր, որ ամբողջովին ընդունում է մեղքը եւ խորապես զղջում է կատարվածի համար: Այնուհետեւ պատմել էր, որ հունվարի 17-ին ժամը 23:30-ին Ալվարդը տուն է եկել 20-ամյա մի երիտասարդի հետ: Կարո ներկայացած տղան ասել է, որ պատրաստվում է ամուսնանալ իր աղջկա հետ ու եկել է իրենց հետ ծանոթանալու: Հաջորդ օրը, երբ աղջիկն ու նորահայտ փեսան բացակայել են տանից, եկել է մի անծանոթ տղամարդ ու հարցրել Կարոյին: Մեկ-երկու ժամ անց նույն Կարոյի փնտրտուքներով իրենց տնակի դուռն է բախել երկրորդ անծանոթը եւ այդտեղ ինքը հասկացել է, որ այդ մարդկանց Մարին է ուղարկում, իսկ նպատակը աղջկան մարմնավաճառության տանելն է: Ու այդտեղ իր գլխում միտք է հղացել սպանել Մարիին:
Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինքը գնացել է, որպեսզի խոսի Մարիի հետ եւ ասի, որ հեռու մնա իր աղջկանից: Տանից դուրս գալուց հետը վերցրել է «սկոչ» եւ «ցելոֆանե տոպրակ»: Մարին այդ ժամանակ դրսում է եղել, ինքը տեսել է, թե ինչպես է արտասահմանյան մակնիշի սեւ գույնի մի մեքենա մոտեցել նրան, ու աղջիկը զրուցել է վարորդի հետ: Երբ մեքենան հեռացել է, ինքը հարցրել է, թե ինչ են ուզում, Մարին ասել է, որ թաքցնելու բան չունի, եկել են Ալվարդի հետեւից, «գուզեն փողով տանին»: Ինքը չի դիմացել ու ձախ ձեռքի բռունցքով հարվածել է աղջկա ծնոտին: Մարիի ուշաթափվելուց հետո նրան տեղափոխել է կիսաքանդ շենքի նկուղ, կպչուն ժապավենով կապել ոտքերն ու ձեռքերը, պոլիէթիլենե տոպրակը հագցրել է գլխին, որ խեղդամահ լինի, այնուհետեւ հեռացել է: Վերադարձել է ժամը 19-ին: Ոտքով հրել է աղջկա մարմինը, համոզվել է , որ մահացած է, հետը բերած սոլյարայուղը լցրել է ոտքերի ու մարմնի մյուս հատվածներին եւ կրակայրիչով վառել: Կես ժամ կանգնել է, սպասել` համոզվելու համար, որ դիակն այրվում է, այնուհետեւ հեռացել է:
Լսելով հրապարակված նախաքննական ցումուքները`ամբաստանյալը հայտարարեց, որ հրաժարվում է իր տված 4 ցուցմունքներից էլ. ինքը նման արարք չի կատարել:
Դատարանը հրավիրեց վկա Լուսյա Թադեւոսյանին: 1953թ-ին ծնված կինը հայտնեց, որ կրթություն չունի, ներվային հիվանդ է, գրանցված է հոգեբուժարանում եւ իր բոլոր հիվանդությունները մանկությունից են: Այնուհետեւ պատմեց, որ Հովհաննեսի կինը` Մանուշակը, մայիս ամսին իրեն տեսել է թաղի աղբարկղի մոտ ու ասել, թե «մեղք չէր աղբերդ, էրթա անմեղ տեղը նստի, Մարիին իմ մարդս է սպանել»: Լուսյան հայտնեց, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկում եղբոր հետ ունեցած տեսակցության ժամանակ այդ տեղեկությունը փոխանցել է նրան: Մեղադրող դատախազ Սալոյանը նկատեց, որ նախաքննության ընթացքում արգելվում է տեսակցություն մեկուսարանում գտնվող կալանավորի հետ, եւ այդ փաստը հարկ կլինի ստուգել:
Նախորդ նիստին ցուցմունք տալուց հրաժարված Ալվարդ Թադեւոսյանն այս անգամ խոսքը սկսեց նրանից, որ վկա Հովհաննես Սահակյանը, ում իրենք կասկածում են Մարիի սպանության մեջ, իրեն սպառնում է եւ խնդրեց դատարանին պաշտպանել իրեն: Այնուհետեւ հայտնեց, որ հայրն անմեղ է եւ որեւէ մեկին չի սպանել: Ինքը Մարիի հետ մտերմացել է, որովհետեւ սիրել է նրա նորածին երեխային, իսկ մարմնավաճառությամբ ընդհանրապես չի զբաղվել: Քանի որ վկայի ցուցմունքը 180 աստիճանով տարբերվում էր նախաքննականից, դատավոր Էդվարդ Մանուկյանը հրապարակեց նրա նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:
Ալվարդն իր խոստովանական ցուցմունքում գրել էր, որ չի ուզում «հոգուն մեղք» անել դրա համար էլ կպատմի ողջ ճշմարտությունը: Ըստ այդ ցուցմունքի՝ Ալվարդն ու Մարին մտերմացել են վերջինիս մահից մի քանի ամիս առաջ, միասին Սեւյան պարի ակումբի պահակ Լյովա պապի զանգով գնացել եւ գումար աշխատելու նպատակով վերջինիս պահակատանը սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ տղաների հետ 2000 դրամով: Հունվարի 13-ին ինքը Մարիի հեռախոսից զանգել է Արթիկի կալանավայրում գտնվող նախկին ամուսնուն` Անատոլիին, իսկ հաջորդ օրը Բարիչենկովն ինքն է զանգել ընկերուհու հեռախոսին: Մարին միացրել է բարձրախոսը եւ նախկին ամուսինը հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ Մարիի հետ: Ալվարդը այդ պահին բարի բախտ է ցանկացել երկուսին էլ, սակայն հետո խանդից որոշել է վրեժխնդիր լինել Մարիից ու հրդեհել է նրա տնակը:
Հունվարի 18-ին, դեպքի օրը, երեկոյան ժամը 18-ի կողմերը հայրը այլայլված տուն է մտել եւ պատմել, թե ինչ է արել Մարիի հետ: Ինքը չի հավատացել, հորն առաջարկել է գնալ ու ստուգել, արդյոք իրականում Մարին մահացել է: Հայր ու աղջիկ, ըստ Ալվարդի նախաքննական ցուցմունքի, միասին գնացել են դեպքի վայր, ստուգել կապկված ու գետնին գցած Մարիի զարկերակը, համոզվելով, որ մահացած է` վերադարձել են տուն: Այնուհետեւ հայրը, ինչ-որ բաներ վերցնելով, կրկին դուրս է եկել տանից, Ալվարդին արգելելով գնալ իր հետ: Ըստ Ալվարդի՝ ինքը հետեւել է եւ տեսել, թե ինչպես է հայրը հրկիզում Մարիի դին:
Վկա Ալվարդ Թադեւոսյանը, ինչպես եւ ամբաստանյալը, լսելով իր նախաքննական ցուցմունքը, հայտարարեց, որ իրեն սպառնացել են ոստիկաններն ու ստիպել նման ցուցմունք տալ: Ինքը մարմնավաճառ չէ, հայրը Մարիին չի սպանել եւ ընդհանրապես իրենց ընտանիքն այդ դեպքի հետ կապ չունի: Կրկնակի հարցաքննության հրավիրվեցին նաեւ վկաներ Մանուշակ Գրիգորյանն ու Հովհաննես Սահակյանը: Մանուշակը, երդվելով միակ երեխայի արեւով, հայտարարեց, որ ինքը Լուսյային երբեք նման բան չի ասել, թե մարդասպանն իր ամուսինն է: «Իմ հորս ոսկորները գերեզմանից հանեն, երեխուս դագաղ դնեն, թե ես ըդպես բան եմ ըսել»,-հուսահատորեն երդվեց վկան:
Ամբաստանյալի կողմից մարդասապան հռչակված Հովհաննես Սահակյանն էլ, իր հերթին պնդելով նախորդ նիստի ժամանակ տված ցուցմունքներն, երդվեց, որ եթե դատարանն արժանի պատիժ չտա Գեւորգ Թադեւոսյանին, ինքն անձամբ, սեփական ձեռքերով է մորթելու մարդասպանին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել