HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունն ընդդեմ Կառավարության՝ «Արաբկիր» զբոսայգուց տարածք մասնավորեցնելու որոշումներն առոչինչ ճանաչելու պահանջով

Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան հայցադիմումը ներկայացրել է հունվարի 4-ին և արդեն ընդունվել է վարույթ: Դատարանը կիրառել է նաև հայցի ապահովման միջոց՝ արգելելով կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 89/3 հասցեում Հովսեպ Գարաբետ Մուխտարյանին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարել:

Երևանի քաղաքապետի 2003թ. հունիսի 12-ի թիվ 1284-Ա որոշմամբ Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող 2,97 հա մակերեսով «Արաբկիր» զբոսայգին բարեկարգման, արդիականացման նպատակով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Արաբկիրի թաղապետարանին, իսկ 2003թ. հունիսի 20-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր:

Սակայն, ինչպես «Հետք»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, 2007թ. փետրվարի 6-ի գրությամբ Արաբկիր թաղային համայնքի ղեկավարը Երևանի քաղաքապետին հայտնել է, որ «Արաբկիր» զբոսայգու տարածքում առկա է 1500քմ տարածք, որը նպատակահարմար է բազմաբնակարան շենք կառուցելու համար: Այնուհետև խնդրել է նշված տարածքը հանել զբոսայգու գլխավոր հատակագծից, հողատարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքը դադարեցնել և կառուցապատման նպատակով ներկայացնել մրցութային հանձնաժողովի քննարկմանը:

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը երկու տարբեր գրություններով չի առարկել «Արաբկիր» զբոսայգու տարածքում 0,15հա մակերեսով տարածքը զբոսայգու գլխավոր հատակագծից հանելու, դրա նկատմամբ հողօգտագործման իրավունքը դադարեցնելու և 2,82հա մակերեսով հողամասի նկատմամբ «Երևանի Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի՝ անհատույց օգտագործման իրավունքով անվամբ ձևակերպելու վերաբերյալ: 

Բացի այդ՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը հայտնել է նաև, որ 0,15հա մակերեսով հողամասը այգու սահմաններից հանելու դեպքում այն ընդգկված չի լինի Հողային օրենսգրքի՝ սահմանափակումների ցանկում:

Այդ ամենը հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետի 2007թ. ապրիլի 03-ի որոշմամբ Փափազյան փողոցի վերջնամասում «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա հողամասից դադարեցվել է Արաբկիրի թաղապետարանի հողօգտագործման իրավունքը 0,15հա չափով: Նույն որոշմամբ զբոսայգու մնացած 2,82հա մակերեսով հողամասի սահմանները որոշվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով՝ չեղյալ համարելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա տրված գլխավոր հատակագիծը:

Քաղաքապետի 2007թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հադիսացող, Փափազյան փողոցի թիվ 89/3 հասցեում գտնվող 89,5քմ ընդհանուր մակերեսով սրճարանը ճանաչվել է օրինական և կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի եղանակով օտարվել կառույցն իրականացրած անձ Արմեն Երիցյանին: Դրա վերաբերյալ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 2007թ. հոկտեմբերի 18-ի իրականացվել է իրավունքների պետական գրանցումը: Այնուհետև 2008թ. ապրիլի 10-ին այն օտարվել է Հովսեպ Մուխտարյանին, որի վերաբերյալ կատարվել է գրանցումը: 

Նույն որոշմամբ նաև դադարեցվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը թողնված հողամասի անհատույց օգտագործման իրավունքը 1500 քմ մակերեսի չափով:

Ըստ դատախազության՝ Երևանի քաղաքապետի 2007թ. ապրիլի 03-ի թիվ 677-Ա որոշումն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը, ինչի հիմքով էլ պահանջում են առոչինչ ճանաչել: Որպես հետևանք անվավեր ճանաչել Արմեն Երիցյանի և Հովսեպ Մուխտարյանի անվամբ իրականացված իրավունքների պետական գրանցումները:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ Երևանի գլխավոր հատակագիծը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է ոչ թե քաղաքապետարանը, այլ կառավարությունը: Բացի այդ, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետը սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը և հողերի օգտագործման սխեման ու ներկայացնում կառավարության հաստատմանը:

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, թե ինչու են հայցադիմումը ներկայացրել կառավարության դեմ: Մասնավորապես, հայտնում են, որ 2002թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ Կառավարությունը որոշել է ստեղծել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: Սակայն 2009թ. ապրիլի 30-ին որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարչական հիմնարկ ստեղծելու որոշումը: Այսինքն՝ դադարեցվել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը: Օրենքով կարգավորվում է, որ գործունեությունը դադարեցրած պետական մարմնի քաղաքացիական իրավունքները, պարտականությունները և ամրացված գույքը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

Մեկնաբանություններ (1)

Իմ Անունը
Լուսանկարի վրայի այգին այն այգին չէ, որի մասին խոսվում է հոդվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter