HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար. «Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը»

Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Ավելի քան մեկ ամիս է` Լաչինի միջանցքով տեղաշարժը արգելափակված է։ Ամեն օր առևտրային բեռնափոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չի կարողանում անարգել անցնել Լեռնային Ղարաբաղ, ինչի հետևանքով ավելանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- գրել է ամերիկացի պաշտոնյան։

Հունվարի 6-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Սամանթա Փաուերի հետ։ «Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն: Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանից պահանջելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Լուսանկարը՝ Greg Nash/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter