HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել այդ երկրի պաշտպանության նախկին փոխնախարարը

Իրանում մահապատժի է ենթարկվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզե Աքբարին, որն ուներ իրանական և բրիտանական քաղաքացիություն։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։ 

Աքբարին պաշտպանության փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է Մոհմամադ Խաթամիի նախագահության տարիներին, որն Իրանը ղեկավարել է 1997-2005 թվականներին։

BBC-ի տվյալներով՝ Աքբարին ձերբակալվել էր 2019 թվականին։ Նա մեղադրվում էր բրիտանական MI6 հետախուզության օգտին լրտեսության մեջ, որի համար, իբր, ստացել էր տարբեր արժույթներով ավելի քան երկու միլիոն դոլար։ Մեղադրող կողմի վարկածով՝ Աքբարին կապ է ունեցել նաև իրանցի հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության պլանավորման հետ, որն սպանվել էր 2020 թվականի նոյեմբերին։

Մի քանի օր առաջ BBC-ի իրանական ծառայությունը հայտնել էր Աքբարիից (ինչպես պնդվում էր) ձայնագրության ստացման մասին։ Նա հայտարարել էր, որ ձերբակալությունից առաջ ապրել է արտասահմանում և Իրան ժամանել բարձրաստիճան դիվանագետի հրավերով։ Աբքարիի ձերբակալությունից հետո, ինչպես նշվում էր ձայնագրության մեջ, նրան հարցաքննել ու տանջել են ավելի քան 3500 ժամ՝ շուրջ 10 ամսվա ընթացքում։

«Ֆիզիոլոգիական և հոգեբանական մեթոդներով նրանք կոտրել են իմ կամքը, հասցրել ինձ խելագարության և ստիպել անել ամեն ինչ, ինչ նրանք ցանկանում են։ Զենքի ուժով ու վրեժի սպառնալիքներով նրանք ստիպել են ինձ կեղծ վկայություններ տալ»,- ասվում էր ձայնագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հայտարարել է, որ «ցնցված է» Աքբարիի մահապատժով։ «Դա անսիրտ և վախկոտ արարք է, իրականացված բարբարոսական ռեժիմի կողմից, որը չի հարգում սեփական ժողովրդի մարդկային իրավունքները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Սունաքը։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան խորհրդակցությունների նպատակով ժամանակավորապես հետ է կանչել իր դեսպանին, ԱԳՆ կանչել իրանական գործերի հավատարմատարին ու պատժամիջոցներ սահմանել Իրանի գլխավոր դատախազի նկատմամբ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter