HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բրյուսովի անվան համալսարանն ու ընտրված ռեկտորը հայցադիմումներ են ներկայացրել Կառավարության, մյուս թեկնածուն՝ համալսարանի դեմ

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը և Կարինե Հարությունյանը առանձին հայցադիմումներով դատական գործընթաց են սկսել Կառավարության դեմ: Հունվարի 12-ին ներկայացրած հայցադիմումների պահանջը հետևյալն է՝ պարտավորեցնել Կառավարությանը «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Կարինե Հարությունյանը: Սակայն Կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:

Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը: Վերջինս Կ. Հարությունյանից 4 ձայն պակաս էր ստացել։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր: Նա թեև կողմ ձայնով հաստատել է ընտրության արդյունքները, սակայն մինչ օրս չի ստորագրել հոգաբարձուների խորհրդի՝ դեկտեմբերի 9-ի նիստի արձանագրությունը և ընտրության արդյունքների մասին որոշումը:

Ռեկտորի ընտրությանը հաջորդող առաջին աշխատանքային օրը հրաժարական է ներկայացրել ոչ միայն Համբարձում Մաթևոսյանը, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, ակնհայտ էր, որ կապված է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ:

Կառավարությունն իր գործողություններով ակնհայտ ցույց է տալիս, որ Կարինե Հարությունյանը ռեկտորի պաշտոնում ցանկալի անձ չէ: Պատճառ էր նաև այն, որ 2022թ․-ի հոկտեմբերի 12-ից դժգոհության ալիք էր բարձրացել համալսարանում: Պատճառը տեղեկությունն էր, որ համալսարանը միավորվելու է երկու այլ բուհի՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ: Բողոքի ակցիաներին մասնակցել է նաև այդ ժամանակ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Կարինե Հարությունյանը, ում վերընտրվելուն Կառավարությունը փաստացի դեմ եղավ:

Դեկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը՝ հայտնելով, որ «Վ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են խախտումներ:

Մաթևոսյանի ու Դումանյանի հրաժարականներին հաջորդել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի լուծարումը: 2022 թ. դեկտեմբերի 30-ին ԿԳՄՍ նախարարը գրությամբ հայտնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին: 

Արդեն դեկտեմբերի 26-ին հայտարարություն տարածվեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:

2023թ. հունվարի 23-ին համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պետական բոլոր կառույցներին դադարեցնել նման գործելաոճը, ինչը ստեղծում է արհեստական ճգնաժամ ու խոչընդոտում է բուհի բնականոն գործունեությանը, և հայտնում «իր անսասան աջակցությունը օրինականորեն ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին»:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզ դարձավ, որ ռեկտորի թեկնածուներից Դավիթ Գյուրջինյանը ևս դատական գործընթաց է սկսել, սակայն այս դեպքում՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի դեմ: Դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Դ. Գյուրջինյանը պահանջում է անվավեր ճանաչել և վերացնել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 9-ի արձանագրությունը: Սա այն արձանագրությունն է, որը վերաբերում է ռեկտորի ընտրության արդյունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter