HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնել է VN Express առցանց պարբերականը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն համաձայն է նաև Քաղբյուրոյի անդամի պաշտոնից Նգուեն Սուան Ֆուկի հեռանալուն:

«Գիտակցելով կուսակցության ու ժողովրդի առաջ իր պատասխանատվությունը՝ նա նշանակված պաշտոններից հեռացման, աշխատանքից ազատման և թոշակի անցնելու դիմումներ է ներկայացրել»,- կուսակցության տարածած հաղորդագրությունը մեջբերել է Vietnam News-ը։ Կենտկոմի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ իր պաշտոնին Նգուեն Սուան Ֆուկը «մեծ ջանքեր է գործադրել երկրի կառավարման և COVID-19-ի դեմ պայքարի հարցում՝ հասնելով կարևոր արդյունքների»։

«Միևնույն ժամանակ նա եղել է ղեկավար, երբ երկրի բարձրաստիճան դեմքերը, այդ թվում՝ երկու փոխվարչապետ և երեք նախարար խախտումներ են թույլ տվել, որոնք ունեցել են լուրջ հետևանքներ։ Երկու փոխվարչապետները հրաժարական են տվել իրենց պաշտոններից, երկու նախարար և բազմաթիվ պաշտոնյաներ ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մինչ նախագահ դառնալը, Նգուեն Սուան Ֆուկը 2016 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը զբաղեցրել է Վիետնամի վարչապետի պաշտոնը, որից հետո նոր ընտրվել երկրի նախագահի պաշտոնում։ Նրա ղեկավարման շրջանում այդ երկրի ՀՆԱ-ն, 2015 թվականի հետ համեմատած, աճել է 1,4 անգամ, իսկ Վիետնամը մտել է աշխարհի 40 խոշոր տնտեսությունների շարքը։

Հունվարի սկզբին Վիետնամի ազգային ժողովը պաշտոնից հեռացրել էր երկրի երկու փոխվարչապետներին՝ Ֆամ Բին Մինին ու Վու Դուկ Դամին՝ չպատճառաբանելով, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։ Reuters-ը հայտնել էր, որ դա պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարով։ Նրանց նկատմամբ մեղադրանք դեռևս պաշտոնապես չի առաջադրվել։

Վիետնամում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ավելի վաղ ձերբակալվել էր առողջապահության նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում Van Thinh Phat Holdings Group ներդրումային կազմակերպության ղեկավար, միլիարդատեր Չոնգ Մի Լան։ Նա մեղադրվում էր 2018-2019 թվականներին պարտատոմսերի ապօրինի թողարկման մեջ։ Ընկերությունն էլ կասկածվում է երկրի խոշորագույն քաղաքի՝ Հոշիմինի կենտրոնում կառուցապատման համար նախատեսված տարածքների գնման գործընթացում խախտումներ թույլ տալու մեջ։

Վիետնամի սահմանադրության համաձայն՝ նախագահը համարվում է պետության ղեկավարը, որը երկիրը ներկայացնում է ներքին և արտաքին հարաբերություններում։ Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։ Նախագահ կարող է ընտրվել խորհրդարան անցած պատգամավորներից մեկը և պաշտոնավարում օրենսդիր մարմնի գումարման ողջ ընթացքում։

Ազգային ժողովը ևս պետք է հավանություն տա Նգուեն Սուան Ֆուկի հրաժարականի դիմումին։ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ այս շաբաթ Վիետնամի ազգային ժողովը կանցկացնի արտահերթ նիստ, որպեսզի վավերացնի «բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները»։

Վիետնամն ունի խորհրդարանական հանրապետության կառավարման ձև, սակայն երկրի միակ օրինական կուսակցությունը Կոմունիստական կուսակցությունն է։ Քաղաքական համակարգում նախագահի պաշտոնը երկրորդն է՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից հետո։ Նախագահը նշանակում է կառավարության ղեկավարին և մյուս պաշտոնատար անձանց, անդամակցում Կոմունիստական կուսակցության կենտկոմին և Քաղբյուրոյին։ 

Լուսանկարը՝ Lillian Suwanrumpha / AFP Pool via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter