HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական բացման անհրաժեշտությունը։

«Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական բացման անհրաժեշտությունը համաձայն այն դրույթների, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ։ Ընդգծվել է նաև հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև նշել են, որ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Ադրբեջանական կողմը ևս հաղորդագրություն է տարածել այս հեռախոսազրույցի վերաբերյալ։ Այսպես, ըստ այդ երկրի ԱԳՆ հայտարարության, Ջեյհուն Բայրամովը «անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պնդումը»։ «Նախարար Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի փակման, Ադրբեջանի տարածքում ապրող հայերի արգելափակման վերաբերյալ և առաջացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ պնդումներն անհիմն են։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի այդ անհիմն պնդումները հերքում է Լաչինի միջանցքով տրանսպորտային տասնյակ փոխադրամիջոցների ամենօրյա անցումը, ներառյալ ռուսական խաղաղապահ անձնակազմի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներն ու շտապ օգնության հայկական մեքենաները»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ Բայրամովի՝ «Ադրբեջանի քաղաքացիները լեգիտիմ իրավունք ունեն բողոքելու ադրբեջանական տարածքներում անօրինական տնտեսական գործունեության»։ «Այս համատեքստում նշվել է ցուցարարների արդար պահանջների իրագործման կարևորությունը»,- պնդում է ադրբեջանական կողմը։

Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter