HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

World Population Review. Հնդկաստանը բնակչության թվաքանակով շրջանցել է Չինաստանին

2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։

Հունվարի 17-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 1960-ական թվականներից ի վեր առաջին անգամ 2022 թվականին երկրի բնակչությունը կրճատվել է 850 000-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրում ապրում է 1 միլիարդ 411 միլիոն մարդ։

World Population Review-ի գնահատմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ, Հնդկաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 423 միլիոնի։ Հետազոտական մեկ այլ կազմակերպություն՝ Macrotrends-ը պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1 միլիարդ 428 միլիոն մարդ։

Հնդկաստանը բնակչության թվաքանակի վերաբերյալ թարմ տվյալներ չի հայտնել։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ այդ երկրում իրականացվում է բնակչության մարդահամար, սակայն 2021 թվականին այն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ ՄԱԿ-ում կանխատեսում էին, որ Հնդկաստանը բնակչության թվաքանակով Չինաստանին կշրջանցի 2023 թվականի վերջին։

Bloomberg-ը նշում է, որ Հնդկաստանի բնակչության կեսը 30-ից ցածր տարիքի մարդիկ են։ Մոտ 800 միլիոն մարդ կառավարությունից ստանում է անվճար սնունդ, ինչն աշխարհում նմանատիպ ամենախոշոր ծրագիրն է։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2022 թվականի նոյեմբերին Երկրագնդի բնակչությունը հասավ 8 միլիարդի։ Կազմակերպության հաշվարկներով՝ 1 միլիարդով Երկիր մոլորակի բնակչության ավելացման համար պահանջվեց 12 տարի։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter