
118 տարեկանում մահացել է երկրագնդի ամենածեր բնակչուհին
118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոն, որն առավել հայտնի է քույր Անդրե անվամբ, մահացել է երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին։ Նա երկրագնդի ամենածեր բնակչուհին էր։ «Դա շատ վշտալի է, բայց նա ցանկանում էր վերամիավորվել իր սիրելի եղբոր հետ։ Նրա համար սա ազատագրում է»,- AFP գործակալությունը մեջբերել է ծերանոցի ներկայացուցչի խոսքերը, որտեղ վերջին տարիներին ապրում էր Ռանդոնը։
Ծնվելով 1904 թվականի փետրվարի 11-ին Ֆրանսիայի հարավում՝ Լյուսիլ Ռանդոնը վերապրել է համաշխարհային երկու պատերազմները, «իսպանկայի» համավարակը և COVID-19-ը։ 2021 թվականին նա նույնիսկ վարակվել էր կորոնավիրուսով, սակայն թեթև էր տարել հիվանդությունը՝ ամրագրելով նաև կորոնավիրուսով վարակված ամենածեր մարդու ռեկորդը։
Վերջին տարիներին քույր Անդրեն կուրացել էր և տեղաշարժվում էր հաշմանդամության սայլակով։ Բայց մինչ այն պահը, երբ լրացավ նրա 108 տարին, քույր Անդրեն շարունակում էր աշխատել վանքում։ Ռանդոնի մահվանից հետո Երկիր մոլորակի ամենածեր բնակիչը դարձել է Մարիա Բրանյաս Մորերան։ Իսպանացի երկարակյացը ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին։ Հիմա նա 115 տարեկան է։
Լուսանկարը՝ Christophe Simon/AFP/Getty Images
Մեկնաբանել