HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տիգրան Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել, որը վերաբերում է Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելուն: Այսինքն՝ ԿԿՀ-ն որոշ հիմքեր է գտել, որոնք թույլ են տալիս արձանագրել, որ Ավինյանի կողմից ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումն, ըստ էության, անթույլատրելի է:

Ընդ որում՝ վարույթ հարուցելու որոշումը ԿԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջերս, չնայած կայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ:

Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա աշնանը, երբ Ավինյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո հայկական մամուլում բարձրացվեց նշված երկու պաշտոնները համատեղելու անթույլատրելիության կամ ապօրինության հարցը:

Մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փոխքաղաքապետ Ավինյանը ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը համատեղում է օրինական հիմքերով:

Որպես հիմնավորում ԱՆԻՖ-ը նշել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը, ըստ որի՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (ինչպիսին է Երեւանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։

ԱՆԻՖ-ը նկատել է, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, ինչն, իհարկե, ճիշտ է, մյուս կողմից՝ նշել է, որ որպես տնօրենների խորհրդի նախագահ Տ. Ավինյանը չի վարձատրվում, ինչը մեր կողմից հնարավոր չէ հաստատել կամ հերքել, սակայն այս պարագայում դա չէ գլխավորը:

Հարցն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը թույլ է տալիս նման համատեղում, եթե առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդում ընդգրկվելն ուղղակիորեն առնչվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի (այս դեպքում՝ Երեւանի փոխքաղաքապետի) պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ:

Նկատենք, որ երբ Ավինյանը 2018-2021 թթ. զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնի հետ համատեղման հարց չի ծագել, քանի որ ԱՆԻՖ-ը պետական մասնակցությամբ եւ պետության հետաքրքրությունները, շահերը պաշտպանող ֆոնդ է, որը ստեղծվել է Կառավարության կողմից՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման եւ Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով: Կառավարության որոշմամբ՝ ֆոնդի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը դրվել է վարչապետի աշխատակազմի վրա, իսկ որոշ գործողություններ պետք է համաձայնեցվեն ոլորտը համակարգող փոխվարչապետի կողմից:

Բայց ահա Երեւանի փոխքաղաքապետ-ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ պաշտոնների համատեղումը նույն լրագրողների շրջանում տարակուսանք է առաջացրել:

Փորձելով հիմնավորել, որ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդում ընդգրկվելն ուղղակիորեն առնչվում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ (այսինքն՝ օրենքի պահանջը բավարարված ցույց տալու համար)՝ ԱՆԻՖ-ը հայտարարել է. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, բացի «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի սահմանափակումները մեջբերելուց, նշել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի սահմանափակումները: Ըստ այս օրենքի 48-րդ հոդվածի՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում:

Հաշվի առնելով օրենսդրության մեջ առկա սահմանափակումները՝ ԿԿՀ-ն դեկտեմբերի 12-ին որոշել է վարույթ հարուցել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու հիմքով: Այս որոշումը 3-օրյա ժամկետում ուղարկվել է Ավինյանին:  

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է: Վարույթի արդյունքում ԿԿՀ-ն ընդունում է եզրակացություն անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության մասին: Անհամատեղելիության պահանջները խախտելու մասին եզրակացությունը եւ վարույթի բոլոր փաստաթղթերը ԿԿՀ-ն ուղարկում է այդ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ (այս դեպքում՝ Երեւանի քաղաքապետարան): Պաշտոնյան կարող է եզրակացությունը բողոքարկել դատարանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter