HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովը խոսել է Լաչինի միջանցքի բացման, ՀԱՊԿ/ԵՄ առաքելությունների ու ՀԱՊԿ հռչակագրի չստորագրման պատճառների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրավիրել է մամուլի ասուլիս, որը նվիրված է եղել 2022 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին։ Ի թիվս այլ հարցերի` նա անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին ու հայ-ադրբեջանական լարվածությանը։

Լաչինի միջանցքի մասին

Լավրովը վստահություն է հայտնել, որ Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի առաջիկայում։ «Բառացի երեկ կամ երկու օր առաջ ռուսական անձնակազմի հրամանատարության մասնակցությամբ կայացել է Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Ես կարծում եմ, որ հարցն առաջիկայում կկարգավորվի»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՌԴ զինվորականներն ուսումնասիրում են Ադրբեջանի կողմից տրամադրված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը, իբր, Լաչինի միջանցքն օգտագործում է ականների տեղափոխման համար։ Նրա պնդմամբ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի քաղաքացիական երթևեկության, բեռնափոխադրման և տրանսպորտային միջոցների համար, իսկ «առանձին պայմանավորվածություն կա, որ որևէ ռազմական բեռ չի տեղափոխվի այդ երթուղով»։

«Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, և մեր զինվորականները դրանք ուսումնասիրում են, որ հայկական կողմն այդ միջանցքով ականներ է տեղափոխել։ Այնուհետ այդ ականներն օգտագործվել են, որպեսզի, խախտելով պայմանավորվածությունները, ականապատվեն այն տարածքները, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերի հարևանությամբ»,- ասել է Լավրովը։

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելության ուղարկման մասին

Մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության ուղարկման մտադրությունը դեռևս մնում է ուժի մեջ։ «Մենք դեռևս պատրաստակամություն ունենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության առաքելության տեղակայումը կարող է հակարդյունավետ լինել առանց Բաքվի հետ համաձայնության։ «Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ (խմբ. ՀԱՊԿ) առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ կտրվածքով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Դա Ադրբեջանի հետ սահմանն է և երևի, եթե այդ առաքելությունը կծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է ուղղակի հակարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ ջղաձգումներ առաջացնել»,- հավելել է Լավրովը։

ՀԱՊԿ հռչակագրի և Հայաստանին օգնության տրամադրման փաստաթղթի չստորագրման մասին 

Լավրովն անդրադարձել է նաև 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ հռչակագրի և Հայաստանին օգնության տրամադրման փաստաթղթի չստորագրմանը։ 

«Մեր հայ ընկերները առաջ էին տանում Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության ուղարկման անհրաժեշտությունը, և մենք համաձայնեցրել էինք այդ առաքելության պարամետրերի մասին փաստաթուղթ։ Այն հնարավոր չեղավ ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ տեքստում լինի Ադրբեջանին կոշտ դատապարտում։ Մենք հայ գործընկերներին բացատրեցինք, որ եթե խոսքը գնում է դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշման շարադրման մասին, ապա յուրաքանչյուրը ազատ է անել այն, ինչ ուզում է»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակներում «կան դժվարություններ, որոնք կապված են Հայաստանում ներկայիս իրավիճակին»։

Լուսանկարը՝ Alexander Zemlianichenko / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter