HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խաղ՝ տակտիկական փորձարկումների նշանաբանով

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումից հայ երկրպագուների ակնկալիքները մեծ էին: Պարզ է, որ եթե ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մինչ այդ խաղը մեր ընտրանին 47-րդն էր, իսկ ղազախները՝ 137-րդը, երկրպագուները մեր ֆուտբոլիստներից միայն մեկ բան պիտի պահանջեին՝ հաղթանակ, իսկ գուցե նաեւ՝ խոշոր հաշվով հաղթանակ, բնականաբար, լավ խաղով:

Եթե մարզասերների համար կարեւորը խաղի որակն ու հաշիվն էր, ապա Մինասյանի մարզչական շտաբի համար էականը տակտիկական նոր փորձարկումներն էին, ինչի ականատեսը եղան բոլորը: Դժվար է հիշել, օրինակ, թե հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը երբ է վերջին անգամ փոխարինվել, կամ հարձակման գծում քանի անգամ է հանդես եկել Մովսիսյան-Սարկիսով զույգը, որի թիկունքում միաժամանակ խաղացել են Մխիթարյանն ու Ղազարյանը:

Հունաստանի հետ անհամեմատելի Ղազախստանի դեմ խաղում Մինասյանը կիրառեց 4-1-4-1 տակտիկական դասավորությունը, որի մասին խոսել էր վերջերս: Ընդհանրապես ընկերական վերջին երկու խաղերը լավ հնարավորություն էին գործի մեջ տեսնել ներկայումս հավաքականի բոլոր հիմնական թեկնածուներին: Երեւանյան խաղում տեսանք նաեւ Հրայր Մկոյանին, որը Արզումանյանի նման զրկված է խաղային պրակտիկայից, եւ հիմա կարեւոր է տեսնել նրան գործի մեջ: Կիսապաշտպանության եզրերում ու կենտրոնում էլ Մինասյանը հետաքրքիր փոխատեղումներ կատարեց Գեւորգ Ղազարյանի, Լեւոն Հայրապետյանի, Հենրիխ Մխիթարյանի, Դավիթ Մանոյանի մասնակցությամբ: Դե իսկ դարպասի պաշտպանությունը Կասպարովին վստահելը չպետք է անակնկալ լիներ: Նախ՝ Կասպարովն այսօր Բերեզովսկուց հետո փորձով երկրորդ դարպասապահն է, երկրորդ՝ նրա թիմը՝ «Միկան», առաջնության առաջատարն է ու 11 խաղում բաց է թողել 10 գոլ: Պատահական չէ, որ լավագույն արդյունք ունեցող «Գանձասարի» (10 խաղում բաց թողած 4 գոլ) դարպասապահ Գեւորգ Պրազյանը հրավիրվել էր որպես երկրորդ դարպասապահ:

Երեւանյան հանդիպման ժամանակ, այդուհանդերձ, որոշ բացեր պաշտպանական գծում նկատվեցին, չնայած մրցակիցն այն չէր, ինչ Ավստրիայում, եւ մեծ հաշվով թիկունքի վրա ճնշում չկար ղազախների կողմից: Ակնհայտ բացթողումներ եղան երկու դրվագում, երբ մրցակցի գլխով հարվածները փոքր շեղությամբ անցան հորիզոնական դարպասաձողի վրայով: Եվ չնայած այս խաղով ամբողջական եզրահանգումների գալ հնարավոր չէ, սակայն պետք է փաստել, որ Գեւորգ Կասպարովը վստահ խաղ անցկացրեց:

Խաղը լավ առիթ էր հարձակման գծի խաղացողների համար աչքի ընկնելու համար: Ղազարյանը խփեց թիմում իր 7-րդ եւ 8-րդ գնդակներն ու այդ ցուցանիշով հավասարվեց Մխիթարյանին, չնայած որ ավելի քիչ խաղեր է անցկացրել: Ներկայումս այս երկու կիսապաշտպանները մեր հավաքականի լավագույն ռմբարկուներն են, ու Արթուր Պետրոսյանի ցուցանիշից (11 գոլ) նրանց բաժանում է 3 գնդակ: Յուրա Մովսիսյանն էլ խփեց իր 5-րդ գոլը: Ցավոք, չի ստացվում թիմի առաջատարներից Մխիթարյանի վերջնական հարվածը: Եվ դա՝ արդեն երկրորդ խաղում անընդմեջ: Ավարտված մրցաշրջանն ու նաեւ ինչ-որ չափով մարզական բախտն ասում են իրենց խոսքը:

Հավաքական հրավիրված բոլոր լեգեոներներն էլ վատ տպավորություն չթողեցին: Արթուր Սարկիսովի արագությունն անսանձելի էր ղազախների կողմից, իսկ Լեւոն Հայրապետյանի տեխնիկական գեղեցիկ անցումները թերեւս նորություն էին շատերի համար: Մտորելու տեղիք է տալիս երկու կենտրոնականների՝ Մկոյանի ու Արզումանյանի ակումբային անորոշ կարգավիճակը, ինչն այսպես թե այնպես անդրադառնում է ցանկացած ֆուտբոլիստի որակների վրա:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Բելառուսի հետ օգոստոսի 15-ին կայանալիք թվով հինգերորդ (այս տարվա մեջ) ընկերական հանդիպումը եւս լավ հնարավորություն կլինի մարզչական շտաբի համար փորձարկումներ կատարելու եւ համապատասխան եզրահանգումների գալու համար:    

Հ.Գ. Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց հավաքականների դասակարգման վարկանիշային նոր ցուցակը: Հույներին պարտվելու արդյունքում մեր թիմը 47-րդ տեղից նահանջել է 51-րդ հորիզոնական: Աշխարհում թիվ 1-ի կոչումը շարունակում են պահել իսպանացիները, Ուրուգվայը բարձրացել է 2-րդ տեղ, իսկ գերմանացիները նահանջել են 3-րդ: Նրանց հաջորդում են Հոլանդիան, Բրազիլիան, Անգլիան, Արգենտինան, Հորվաթիան, Դանիան, Պորտուգալիան: 

Գալիք մրցաշրջանում մեր հակառակորդներից լավագույնը, ինչպես երեւում է, դանիացիներն են, իտալացիները 12-րդն են, չեխերը՝ 27-րդ, բուլղարները 90-րդ տեղում են, իսկ մալթացիները՝ 147-րդ: Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշն ունեն թուրքերը (33), ապա Իրանը (45), իսկ վրացիներն (95) ու ադրբեջանցիները (112) բավականին զիջում են մեր թիմին:

Նախկին ԽՍՀՄ պետություններից լավագույնը Ռուսաստանն է (13), 51-րդ տեղում ընթացող մեր ընտրանին երկրորդն է, իսկ ռումինների հետ 52-րդ հորիզոնականը կիսող ուկրաինացիները՝ երրորդը: 

Լուս.՝ sport.news.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter