Մեկնարկում է «Եվրո-2012»-ը
Հունիսի 8-ին Ուկրաինայում եւ Լեհաստանում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը: Աշխարհամասի չեմպիոնի կոչումը կվիճարկի 16 թիմ: Վերջիններս բաժանված են 4 խմբի, որոնց հաղթողներն ու երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/4 եզրափակիչ եւ օլիմպիական սկզբունքով (պարտվողը լքում է պայքարը) կորոշեն մրցաշարի hաղթողին: 3-րդ տեղ չի խաղարկվում:
Մրցաշարն անցկացվում է 1960 թվականից: Դրա անցկացման գաղափարի հեղինակը ՈւԵՖԱ-ի առաջին գլխավոր քարտուղար ֆրանսիացի Անրի Դելոնեն է, որի անունն էլ կրում է գլխավոր մրցանակը՝ գավաթը:
Եվրոպայի առաջին չեմպիոն դարձել է ԽՍՀՄ հավաքականը: Այնուհետ, յուրաքանչյուր 4 տարին մեկ անցկացվող մրցաշարում աշխարհամասի լավագույնի պատվին են արժանացել հետեւյալ թիմերը՝ 1964- Իսպանիա, 1968- Իտալիա, 1972- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (ԳՖՀ), 1976- Չեխոսլովակիա, 1980- ԳՖՀ, 1984- Ֆրանսիա, 1988- Հոլանդիա, 1992- Դանիա, 1996- Գերմանիա, 2000- Ֆրանսիա, 2004- Հունաստան, 2008- Իսպանիա:
Մրցաշարն իրենց դաշտերում հյուրընկալել են հետեւյալ երկրները՝ 1960- Ֆրանսիա, 1964- Իսպանիա, 1968- Իտալիա, 1972- Բելգիա, 1976- Հարավսլավիա, 1980- Իտալիա, 1984- Ֆրանսիա, 1988- ԳՖՀ, 1992- Շվեդիա, 1996- Անգլիա, 2000- Բելգիա եւ Հոլանդիա, 2004- Պորտուգալիա, 2008- Ավստրիա եւ Շվեյցարիա, 2012- Ուկրաինա եւ Լեհաստան:
«Եվրո-2012»-ը կանցկացվի Ուկրաինայի եւ Լեհաստանի 4-ական քաղաքներում՝ Կիեւ, Դոնեցկ, Խարկով, Լվով, Վարշավա, Գդանսկ, Պոզնան, Վրոցլավ:
Բացման խաղը տեղի կունենա Վարշավայի «Ազգային» մարզադաշտում: Ասպարեզ դուրս կգան Լեհաստանի եւ Հունաստանի հավաքականները: Հանդիպումը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին, Երեւանի ժամանակով՝ 20:00-ին: Հայտնի է նաեւ գլխավոր մրցավարի անունը՝ իսպանացի Կառլոս Վելասկո Կարբալյո: Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում:
Ներկայացնենք «Եվրո-2012»-ի խմբային փուլի կառուցվածքը:
A խումբ- Լեհաստան, Ռուսաստան, Հունաստան, Չեխիա
B խումբ- Հոլանդիա, Դանիա, Գերմանիա, Պորտուգալիա
C խումբ- Իսպանիա, Իտալիա, Իռլանդիա, Հորվաթիա
D խումբ- Ուկրաինա, Շվեդիա, Անգլիա, Ֆրանսիա
1/4 եզրափակիչում A խմբի հաղթողը կխաղա B խմբի երկրորդ տեղ գրաված թիմի հետ, իսկ B խմբի հաղթողը՝ A խմբի երկրորդ տեղ գրաված թիմի հետ: Նույն պատկերը կլինի նաեւ C եւ D խմբերում: Կիսաեզրափակիչում առաջին զույգի հաղթողը կհանդիպի երրորդ զույգի հաղթողին, իսկ երկրորդինը՝ չորրորդ զույգի լավագույնին: Սրանց հաղթողներն էլ դուրս կգան եզրափակիչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել