
Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Իլհամ Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղարն այսօր հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի առաջնորդի հետ։ Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա խոսել նախագահ Ալիևի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նեդ Փրայսը դեռ հունվարի 4-ին հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն մինչ այս պահը դրանք դեռևս չեն կայացել։ Փոխարենն ամերիկյան օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներն են։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: «Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը»,- ասված էր հայտարարության մեջ։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Բացի այդ, նրանք քննարկել էին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ էլ՝ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը տևական խաղաղությանը միտված ջանքերին աջակցելու ուղղությամբ։
Մեկնաբանել