
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ցավակցական տեքստը TACC գործակալությանը փոխանցել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններս եմ հայտնում հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողի մահվան կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը, Գեղարքունիքի մարզի զորամասում։ Մենք խորը վշտով ընդունեցինք զինծառայողների ողբերգական մահվան լուրը։ Զոհվածների ընտանիքների, հարազատների և մտերիմների հետ կիսում ենք անդառնալի կորստի իրենց պատուհասած դառնությունը և զորակցության խոսքեր փոխանցում նրանց այս դժվարին պահին»,- ասված է Տասմագամբետովի ուղերձում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տուժածներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: «Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ»,- ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ըստ նախնական տվյալների, կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև՝ բեզինը, կրակն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո «ինքնապաշտպանական բնազդով հինգ լիտրանոց բենզինը նետել է զորամասի կացարանի ողղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։
Լուսանկարը՝ Sputnik գործակալության
Մեկնաբանել