
«Ես այլևս ուժ չունեմ». Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարական է տվել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարական է տվել։ Իր ելույթի տեքստը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
«Ես հեռանում եմ ոչ այն պատճառով, որ դժվար էր։ Եթե դա այդպես լիներ, ես, հավանաբար, կհեռանայի աշխատանքի անցնելուց երկու ամիս հետո։ Ես հեռանում եմ, որովհետև այդպիսի արտոնյալ դերին բաժին է հասնում պատասխանատվություն։ Պատասխանատվություն՝ հասկանալու համար, թե երբ եք համապատասխանում կառավարմանը, և երբ՝ ոչ»,- հայտարարել է նա։
Արդերնը նշել է, որ գիտի, թե ինչ է պահանջում վարչապետի աշխատանքն, ու ինքն այլևս էներգիայի բավարար պաշարներ չունի, որպեսզի հավուր պատշաճի կատարի դա։
LATEST: Jacinda Ardern's shock resignation: These are the highs and lows of her time as one of the world's youngest leaders https://t.co/JtcDA1xoyh
— Bloomberg (@business) January 19, 2023
Ոչ ուշ, քան մինչև փետրվարի 7-ը Արդերնը կհեռանա նաև Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ The New Zealand Herald պարբերականը գրում է, որ կուսակցությունը նոր առաջնորդ կընտրի հունվարի 22-ին։ Հեռանալուց հետո նա պլանավորում է շարունակել իր աշխատանքը Նոր Զելանդիայում և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Նախատեսվում է, որ հոկտեմբերի 14-ին Նոր Զելանդիայում կկայանան համընդհանուր ընտրություններ։
Ջասինդա Արդերնը վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 37 տարեկանում։ Այդ ժամանակ՝ 2017 թվականին նա դարձել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող ամենաերիտասարդ կինն աշխարհում։
Նրա կառավարման շրջանում տեղի են ունեցել այդ երկրի համար կարևոր ու ուղբերգական մի շարք իրադարձություններ, որոնց թվում են COVID-19-ի համավարակը, Քրայսթչերչի մզկիթում հրաձգությունը և Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքումը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել