HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Մեդիա երկխոսություն. Հայաստան-Թուրքիա»

«Հայ-թուրքական մեդիա երկխոսություն» ծրագրի շրջանակներում «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն անցկացրեց «Մեդիա երկխոսություն. Հայաստան-Թուրքիա» գրքի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացրել է Internews Network-ի, Երևանի մամուլի ակումբի, Ստամբուլի մշակութային համալսարանի (Istanbul Kultur University) GPOT կենտրոնի և CAM ֆիլմերի ստուդիայի հետ համատեղ ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային բյուրոյի (DRL) աջակցությամբ: Գրքի հենց առաջին էջում նշված է, որ արտահայտված տեսակետներն ու եզրակացությունները հեղինակներինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքները:

Ընդհանուր առմամբ ծրագրի ընթացքում Հայաստանի և Թուրքիայի առաջատար լրագրողները հրապարակել են ավելի քան 300 հոդված, ռադիո և հեռուստատեսային նյութեր, ակնարկներ: Գրքում տպագրվելու համար ընտրվել են հայ եւ թուրք լրագրողների փոխանակման եւ երկու ազգի 16 լրագրողների ավտոբուսային շրջագայության ընթացքում ծնունդ առած հոդվածներից մի քանիսը, որոնց թվում նաև «Հետքի» լրագրողների հեղինակությամբ հոդվածները՝ «Ստամբուլյան օրագիր» (հատվածներ), «Երազների քաղաք Դիարբեքիրը եւ «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը»:

Ծրագրի շրջանակներում վեցական ուսանողներ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն էին ստացել ֆիլմեր նկարահանել, հայերը` Թուրքիայում, իսկ թուրք երիտասարդները` Հայաստանում. դրանք տեսասկավառակով կցված են գրքին:

Գրքի շնորհանդեսին մասնակցում էին նաև հյուրեր արտասահմանից, որոնց թվում՝ թուրք լրագրողներ և հասարակական գործիչներ:

Մեզ հետ զրույցում «Ինտերնյուսի» տնօրեն Նունե Սարգսյանը կարևորեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման օգտակարությունը:

- Թուրքիայի և Հայաստանի միջև այսպիսի ծրագրերի միջոցով բարիդրացիական հարաբերությունների հաստատումը բխո՞ւմ է մեր շահերից, արդյոք այս ամենի արդյունքում մեզանում չի ձևավորվի վնասաբեր հանդուժողականություն:

- Տասը տարի առաջ Թուրքիայի հետ նմանօրինակ հաղորդակցություն, թեկուզ մեդիա դաշտում, հնարավոր չէր պատկերացնել: Ամեն դեպքում սա փորձի փոխանակում է: Ես, ինչպես նաև հայաստանցիների մոտ 85 տոկոսը, ում արմատները ծնունդ են առել Արևմտահայաստանից,  20-րդ դարասկզբին կատարված ցեղասպանության պատմական խորհուրդի կրողն եմ, դրա մասին երբեք չենք մոռանում, սակայն այժմ Թուրքիայի հետ հարաբերություններին նոր որակ է անհրաժեշտ հաղորդել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter