HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Եվրոպական խորհրդարանը՝ ԵՄ օրենսդիր մարմինը, բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ Արցախում շրջափակման մեջ են հայտնվել։ Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում, եվրոպացի պատգամավորները նոր մոտեցումներ են առաջարկում Արցախում հումանիտար իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։

Այսպես, բանաձևի սկզբում Եվրոպական խորհրդարանը հայտարարում է, որ Արցախը փաստացի գտնվում է շրջափակման մեջ և այնտեղ հումանիտար աղետի առաջացման վտանգ կա՝ ամրագրելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանների կողմից ու դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը։

Եվրոպական խորհրդարանը փաստել է, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա և ծանր հիվանդների տեղափոխումը դարձել է գրեթե անհնար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է։

Բանաձևով Եվրոպական խորհրդարանը նաև ընդունում է, որ հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետևանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման։ Բացի այդ, եվրոպացի պատգամավորները ճանաչել են, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Ավելին, եվրոպացի պատգամավորները պնդում են, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը։

Ելնելով այս պնդումներից՝ ընդունված բանաձևով եվրոպացի պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջարկներով։ Այսպես, Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին հորդորել է հարգել և կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժի հնարավորություն տալով և ապահովելով հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։

Եվրոպացի պատգամավորները համոզված են, որ կա համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտություն, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ կոչ անելով Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր հրահրիչ հռետորաբանությունից։ Ադրբեջանը, ըստ ԵԽ բանաձևի, հայերի դեմ խտրական վերաբերմունքի կոչեր է անում և հորդորում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի անխափան գործունեությանը, ապա եվրոպացի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են անում ապագայում զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերը և հաղորդակցությունը խաթարելուց:

Բանաձևում եվրոպացի պատգամավորները զերծ չեն մնացել նաև ռուս խաղաղապահների անգործությունը դատապարտելուց, ավելին՝ նրանք առաջարկում են ռուս խաղաղապահներին փոխարինել ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով՝ նշելով, որ անհրաժեշտ է այս հարցի շուրջ հրատապ բանակցություններ սկսել։

Բացի այդ, եվրոպացի պատգամավորները կոչ են անում միջազգային կազմակերպություններին անհապաղ տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնությունը տրամադրելու համար, իսկ արդեն ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին՝ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Ավելին, Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չպահվեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության պատճառով:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter