HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չավուշօղլուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից ցանկանում է տեսնել անկեղծություն «ոչ միայն բառերով, այլև՝ գործնականում»։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք ակնկալում ենք, որ անկեղծ քայլեր կձեռնարկվեն դեպի խաղաղություն։ Վերջին ժամանակաշրջանում, ցավոք, մենք հետքայլեր ենք տեսնում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ միայն բառերով, այլև՝ գործնականում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնելով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան ու Բաքուն տրամադրված են Երևանի հետ հարաբերությունների կարգավորման։ «Ես կարող եմ դա ասել, ես կարող եմ հեշտությամբ դա ասել եղբայրական, սիրելի Ադրբեջանի անունից։ Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծորեն տրամադրված են կարգավորման»,- ասել է նա։

Հունվարի 18-ին Ազգային ժողովի հետ հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ կընդունի թուրքական կողմի հրավերը՝ Անթալիայում մասնակցելու դիվանագիտական ֆորումին, որը սովորաբար կայանում է մարտ ամսին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: «Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ 2021 թվականին էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter