HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շիրակի մարզպետը եղբորը նշանակել է պաշտոնի՝ առերեւույթ հանգեցնելով շահերի բախման. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի վերաբերյալ, քանի որ վերջինիս գործողությունները, ըստ ԿԿՀ-ի, առերեւույթ շահերի բախման են հանգեցրել:

Բանն այն է, որ Ն. Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. նոյեմբերից, ամիսներ անց՝ 2022 թ. ապրիլին, հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Սրա հետեւանքով, ինչպես նշել է ԿԿՀ-ն, շահերի բախման իրավիճակ է ստեղծվել:

Համապատասխան որոշումը հանձնաժողովը կայացրել է 2022 թ. դեկտեմբերի 9-ին, սակայն այն ԿԿՀ կայքում տեղադրվել է վերջերս: «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն (ԿԿՀ-ի այս որոշումից հետո փոփոխություններ են կատարվել օրենքում)՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»:

Նույն օրենքի համաձայն՝ «պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի … իրավական դրության բարելավմանը, … իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։

Օրենքի իմաստով եղբայրը եւս համարվում է փոխկապակցված անձ: Ընդ որում՝ օրենքը նշում է. «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:

ԿԿՀ-ն նշել է, որ կառավարման խորհրդի անդամի պաշտոնը ենթադրում է որոշակի կառավարչական լիազորություններ՝ ընտրում է տնօրեն, հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն եւ ներկայացնում պետական լիազորված մարմնի (այս դեպքում՝ մարզպետարանի) հաստատմանը եւ այլն: Բացի դրանից՝ խորհրդի անդամի պարտականությունների շրջանակը ներառում է նաեւ խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունների, որոշումների կատարումը, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից:

«Վերոնշյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանին առաջադրել է Շիրակի մարզպետը՝ նա պարտավոր է կատարել իր հետ փոխկապակցված անձի՝ քրոջ հանձնարարությունները»,- նշել է ԿԿՀ-ն՝ հավելելով, որ Շիրակի մարզպետը իրեն փոխկապակցված անձին նշանակել է պաշտոնի, որն առերեւույթ հանգեցրել է շահերի բախման:

Եղբոր անձնական շահերով առաջնորդվել է դիտարկվել ոչ միայն ինքնին նրա նշանակումը խորհրդի կազմում, այլեւ Արման Բաղդասարյանի իրավական դրության բարելավումը: Ըստ ԿԿՀ-ի՝ այդպիսի բարելավում է վերոնշյալ այն լիազորություններն ստանալը, որոնք տրվում են ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամին:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վարույթ հարուցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվել է մարզպետին: 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է: Շահերի բախման դեպքի կապակցությամբ հարուցված վարույթի արդյունքում հանձնաժողովը եզրակացնում է՝ նման իրավիճակ կա՞, թե՞ ոչ: Եթե շահերի բախման իրավիճակը հաստատվում է, ապա ԿԿՀ-ն իրավասու մարմնին (մարզպետի վերադասը կառավարությունն է) առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ: ԿԿՀ-ն կարող է նաեւ առաջարկել նման իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր: Իրավասու մարմինը պարտավոր է քննարկել հանձնաժողովի առաջարկը եւ արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել ԿԿՀ-ին: Հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկվել դատական կարգով: 

Լուսանկարում՝ Արման եւ Նազելի Բաղդասարյանները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter